19 07 2024

Air Arabia ավիաընկերությունը պատրաստվում է արբիտրաժային գործընթաց սկսել Հայաստանի դեմ․ Հետք

Air Arabia ավիաընկերությունը պատրաստվում է արբիտրաժային գործընթաց սկսել Հայաստանի դեմ․ Հետք

«Հետք»-ը գրում է․

Արաբական Air Arabia ավիաընկերությունը պատրաստվում է արբիտրաժային գործընթաց սկսել Հայաստանի դեմ։ Այդ մասին հայտնում է Global Arbitration Review-ն։ Պատճառը հայկական Fly Arna ավիաընկերությունն է, որի սեփականատերերից մեկը հենց Շարժայից թռիչքներ իրականացնող Air Arabia ավիաընկերությանը փոխկապակցված International Business Company (FZE)-ն էր։

«Հետք»-ը դեռ հունվարին գրել էր, որ «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է Fly Arna անունով, հունվարի 16-ից թռիչքներ չի իրականացնում: Այս ավիաընկերությունը ստեղծվել էր հայ-արաբական համագործակցության արդյունքում։ Դրա 49 %-ը պատկանում էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին (ԱՆԻՖ), որը պետական հիմնադրամ էր և ներկայում գտնվում է լուծարման փուլում։ 49 %-ն էլ պատկանում էր Air Arabia ավիաընկերությանը: Մնացած 2 %-ի սեփականատերը ՀՀ քաղաքացի Վարուժան Ներգիզյանն էր, որը ծնունդով Հալեպից է և աշխատում է Արաբական Միացյալ Էմիրությունների, Լիբանանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների բիզնես ոլորտներում:

Ավելին, այս տարվա մարտին ավիաընկերությունն իր աշխատակիցներին ծանուցել էր, որ դադարեցնում է իր գործունեությունը, ինչի պատճառով մայիսին լուծվելու են նրանց հետ աշխատանքային պայմանագրերը: Ավիաընկերության վերջին ինքնաթիռը փետրվարի 26-ին Երևանից թռել էր Շարժա, ապա դուրս բերվել օդանավերի հայկական ռեգիստրից։

Մարտի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, թե պետական մասնակցությամբ ավիաընկերության ծրագիրը ձախողվել է: Ըստ նրա՝ ավիաընկերության հիմնադրումից հետո շուկայի կոնյուկտուրան որոշակի փոփոխություն էր կրել, նոր ընկերություններ էին հայտնվել, և Fly Arna-ն մրցակցությանը չէր դիմացել: Սակայն Էկոնոմիկայի նախարարությունից «Հետք»-ի ստացած պատասխանները չէին հաստատում Փաշինյանի այս հայտարարությունը։ Ի թիվս այլ պատճառների, Էկոնոմիկայի նախարարությունը նշել էր, որ Air Arabia ընկերության կարծիքով, հիմնական խնդիրները եղել են դեպի Եվրոպա չվերթերի անհնարինությունը, «Զվարթնոց» օդանավակայանի մատուցած ծառայությունների բարձր գները և ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ թռիչքուղիների անվտանգության ապահովման պայմանները:

Կառավարության որոշմամբ՝ ներկայում ԱՆԻՖ-ն անցել է Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշիռ։ 

«ԱՆԻՖ-ի լուծարման հետ կապված այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, որոնք ուղղված են ԱՆԻՖ-ի պարտավորությունները մարելուն, աշխատավարձերը կրճատելուն, ակտիվների կորուստներ թույլ չտալուն։ Առաջիկայում Կառավարությանը կներկայացվի լուծարման վերաբերյալ որոշման նախագիծ, որով էլ կսկսվի լուծարման բուն գործընթացը»,- Հանրային ռադիոյի լրատվական ծառայությանը հայտնել էին Պետական գույքի կառավարման կոմիտեից։

Իսկ թե ինչու՞ է այն լուծարվում, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր․ «Եթե լավ կառավարվեր, այս վիճակը չէր լինի»։

Եվ այսպես արաբական ավիաընկերությունը որոշել է արբիտրաժային գործ սկսել Հայաստանի դեմ՝ այդ մասին մի քանի օր առաջ ծանուցելով նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին։ Արբիտրաժային գործի մասին այս պահի դրությամբ այլ մանրամասներ հայտնի չեն։ Հայտնի չէ նաև, թե ինչ գումարի պահանջ է ներկայացնում արաբական կողմը։ Հավանաբար, այս գործով Հայաստանի շահերը կպաշտպանի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը՝ ներգրավելով արբիտրաժային հարցերում մասնագիտացած ընկերությունների և փաստաբանների։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Իրավական 14 10 2019

«Սանիթեքը» դիմում է արբիտրաժային դատարան

«Սանիթեքի» բաժնետերը քաղաքապետարանի դեմ արբիտրաժային գործընթացի 1-ին քայլն է արել

Orphus համակարգ