09 07 2024

Սասուն Միքայելյանի որդու դեմ վարույթ է հարուցվել. «Հետք»

Սասուն Միքայելյանի որդու դեմ վարույթ է հարուցվել. «Հետք»

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի նկատմամբ՝ շահերի բախման վերաբերյալ իրավակարգավորումներն առերևույթ խախտելու հատկանիշներով, գրում է «Հետքը»:

Վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել «Հետքի» հոդվածը՝ «Գազը՝ համայնքապետի եղբոր, ճանապարհների վերանորոգումը՝ եղբոր աներորդու ընկերություններից»:

Հիշեցնենք՝ գրել էինք, որ մի քանի տարի է` Հրազդանի համայնքապետարանը ծառայողական ավտոմեքենաների լիցքավորման գազը գնում է համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի եղբոր՝ Մեխակ Միքայելյանի ընկերությունից: Հրազդանի ճանապարհների վերանորոգման աշխատանքների մի մասն էլ իրականացնում է համայնքի ղեկավարի եղբոր աներորդու ընկերությունը: Միայն վերջին 3 տարվա ընթացքում գազի գնման պայմանագրերի համար համայնքային բյուջեից վճարվել է մոտ 156 մլն դրամ:

Հրազդանի համայնքապետարանի ավտոմեքենաների լիցքավորման համար գազը գնում են «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ից: Սասուն Միքայելյանն ընկերությունը հիմնադրել է 2018թ. փետրվարին: Սակայն, իշխանափոխությունից հետո՝ 2018թ. հուլիսին, Սասուն Միքայելյանը դուրս է եկել ընկերությունից, և նոր սեփականատեր է դարձել կնոջ եղբոր որդին՝ Անդրանիկ Մեսրոպյանը: Նա էլ ընկերության սեփականությունը 2022թ. մարտին փոխանցել է Սասուն Միքայելյանի ավագ որդուն՝ Մեխակ Միքայելյանին։

Ինչ վերաբերում է ճանապարհաշինությանը, ապա Հրազդան համայնքի ճանապարհների մի մասը տարիներ շարունակ վերանորոգել է «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն՝ համայնքապետարանի հետ կնքած պայմանագրի հիման վրա: Ընկերության բաժնետերերը Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի եղբոր՝ Մեխակ Միքայելյանի զոքանչն ու աներորդին են:

Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանն Ազգային ժողովի նախկին պատգամավոր, այժմ՝ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի որդին է: Համայնքի ղեկավար է ընտրվել 2018թ. իշխանափոխությունից հետո՝ նույն տարվա հոկտեմբերին: Համայնքների խոշորացումից հետո՝ 2021թ. դեկտեմբերին, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով Սևակ Միքայելյանը դարձյալ ընտրվել է համայնքի ղեկավար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ