05 07 2024

Հերիք չի Սամվելին ազատությունից են զրկում, մի հատ էլ պարտքերի մեջ խրելով խոր անդունդն են նետում․ Մանե Վարդանյան

Հերիք չի Սամվելին ազատությունից են զրկում, մի հատ էլ պարտքերի մեջ խրելով խոր անդունդն են նետում․ Մանե Վարդանյան

ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնելուց հետո ձերբակալված Սամվել Վարդանյանի հարզատներից  Մանե Վարդանյանը գրում է․

«Էսօր Հայաստանի նորագույն պատմության «ամենավտանգավոր հանցագործներից» մեկի՝ սեփական ուղեղ ունեցող, հայրենիքը սիրող, սեփական քրտինքով հայրենիքում մի բան ստեղծած ու ստեղծածը մեծ դժվարությամբ պահել ու շարունակել փորձող, հանձնվող (թշնամուն նվիրվող) հայրենիքում հանձնողների հետ անհաշտ ապրող, բայց և, երբեք իր գործողություններում օրենքի սահմանները չանցնող մեր Սամվելի «Ավտոբուսի գործով» հերթական դատական նիստն էր։ Սամվելին շատ ռեակտիվ բռնեցին, էն դեպքից հետո, երբ մեր բոլորի, էդ թվում՝ իր  հարկերից սնվող իշխանական պատգամավորին հանրային պարսավանքի էր ենթարկել հանրային վայրում։ Սամվելին դժոխքի միջով են անցկացրել ու շարունակում են անցկացնել։ Փառք Աստծո, արժանապատիվ իրավապաշտպաններ կան, որոնք անշահախնդիր փորձում են պաշտպանել Սամվելին, ինչը մեր էսօրվա իրականության մեջ արդեն իսկ հերոսություն է, բայց ի՞նչ է կատարվում, իսկ կատարվում է հետևյալը՝ քանի որ ազատությունից զրկվելու հետևանքով Սամվելը կորցրել է և՛ իր աշխատանքները, և՛ իր խառը ֆինանսական մանյովրների՝ վարկեր, պարտքեր հնարավորությունները, և՛ իր  քրտինքով  տարիների ընթացքում ստեղծած գործով զբաղվելու հնարավորությունը, պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի թույլատրվեր գոնե բանկեր այցելել ու ԱՁ-ի գործունեությունը մասամբ վերականգնել։ Ի՞նչ ասել է՝ մասամբ, սա նշանակում է, որ իր օրավարձով տրվող սենյակներում գոնե կարողանա ընդունել ոչ ՀՀ քաղաքացի հյուրերի՝ զբոսաշրջիկների  սեզոնն է։ Այսինքն մարդկանց, ովքեր ներհայաստանյան քաղաքական կյանքում չկան, այսինքն՝ Սամվելը որևէ ձևով չի կարող ներգործել, «դրդել» էդ մարդկանց «պետական հեղաշրջման» կամ իշխանությունը սասանող որևէ քայլի։

Միջնորդությունը ներկայացվել էր հունիսի 20-ին։ Բանկեր այցելության մասով դատարանն ինչ-որ ճշտումներ պիտի աներ, իսկ ԱՁ-ի աշխատանքի մասամբ վերականգնման մասով դատարանը հավելյալ փասթաթղթեր էր պահանջել՝ որոշում կայացնելուց առաջ քննելու համար։ էսօր, հունիսի 20-ից 2 շաբաթ անց պարզվեց՝ բանկեր այցելության մասով անհրաժեշտ ճշտումներ դեռ չեն արվել, իսկ ԱՁ-ի գործունեության մասով դատարանը երկար-բարակ, խուճուճ՝ մահկանացուներիս դժվար հասանելի լեզվով ինչ-որ բաներ արագ-արագ ասեց, վերջում պարզվեց՝ ոչ մի լավ բան, ոչ մի լուրջ առաջընթաց, այսինքն՝ մոտավոր էսպես է ստացվում․ «լավ, ընդունի հյուրեր, բայց մի շփվիր ու booking կայքում հաշիվդ էլ չես կարող օգտագործել», ինչն աբսուրդ է, որովհետև համ նույն բակային տարածքում է տրվող օրավարձով սենյակներն ու մեր տունը/բակը համ էլ մեր տանը լեզուների մասնագետ Սամվելն է, դե, իսկ booking ծրագրից մեր ընտանիքում ոչ ոք գաղափար չունի, միշտ Սամվելն է զբաղվել դրա կառավարմամբ: Պատկերացնելի է, չէ՞ աբսուրդը, իբր մի  քիչ ընդառաջեցին, իսկ իրականում ոնց որ ձեռք առնեն։

Դե, իսկ հանրային մեղադրողի մասով ուղղակի ուզում եմ լռել, Սամվելին դրել է շատ լուրջ պետական հեղաշրջում կազմակերպողի տեղ։ Մեղա, մեղա։ Ասում է՝ արտասահմանցիքի հետ էլ կարող է շփվի քաղաքականության մասին։ Եկեք բերանը կարեք, ի՞նչ ասենք։

Հերիք չի՝ Սամվելին ազատությունից են զրկում,   դեռ մի բան էլ պարտքերի մեջ խրելով՝ խոր անդունդն են նետում, որ էս ամբողջ պատմությունից դուրս գալուն պես կարողանա միայն մտածել կուտակած պարտքերի մասին։ Թե բա՝ հարկատուն հերոս է․․․  

Մի կրակոցով 2 նապաստակ են խփում էլի, հա՛մ վրեժ են լուծում Սամվելից՝ իզոլացնելով, անասելի դժվարությունների միջով անցկացնելով ու, ըստ իրենց, լիկվիդացնելով, հա՛մ մյուս արժանապատիվ հայերի աչքն են վախացնում, որ որևէ իշխանականի հանրային պարսավելուց առաջ «լավ» մտածեն ու Սամվելի օրինակն աչքի առաջ ունենալով՝ լռեն։ Բայց ինչն ունի սկիզբ, ունի նաև ավարտ»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ