Քննչական կոմիտեն հայտնում է, որ քննություն է տարվում՝ պատգամավորի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ներգործություն կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Մասնավորապես, ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում քաղաքացիների և ԱԺ պատգամավորներ Հակոբ Ասլանյանի և Հովիկ Աղազարյանի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ վերջիններիս քաշքշել են, հայհոյել, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին:
Քննությամբ պարզվել է պատգամավորի նկատմամբ առերևույթ Ֆիզիկական ներգործություն կատարած անձանց ինքնությունը:
Նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել Ա.Գ․-ն։ Միջոցներ են ձեռնարկվում՝ բռնություն կիրառած մյուս անձանց վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Նշենք, որ ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանին և Հակոբ Ասլանյանին քաղաքացիները վտարեցին Եռաբլուրից՝ նրանց անվանելով թուրք, դավաճան և այլն։
Ուշագրավ է, որ սեպտեմբերի 19-ին բռնության է ենթարկվել մեկ այլ պատգամավոր, այս անգամ՝ ընդդիմությունից, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նա կոտրվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց, ենթարկվել վիրահատության։ Սակայն դեռ որևէ քննչական մարմին հաղորդագրություն չի տարածել Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկած ոստիկանների վերաբերյալ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը