07 08 2023

Դատավորների միությունը, փաստացի իրականացնում է գործառույթներ, որոնք վերապահված են Բարձրագույն դատական խորհուրդին

Դատավորների միությունը, փաստացի իրականացնում է գործառույթներ, որոնք վերապահված են Բարձրագույն դատական խորհուրդին

Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի՛ գործընկերներ,

ՀՀ դատավորների միությունը, որը անկախ հասարակական միավորում է, հիմնվել է դատավորների շահերի ընդհանրության, կամավոր անդամության և ինքնակառավարման սկզբունքներով,  ստեղծվել է դատական իշխանությանն աջակցելու, դատավորների իրավունքների պաշտպանության, դատավորների անկախության և դատական իշխանության հեղինակության բարձրացման, անկախ դատական իշխանության առաքելության հանրային ընկալման մակարդակը բարձացնելու, դատական իշխանության և դատավորների նկատմամբ հասարակական վստահության ամրապնդման և հասարակությունում իրավունքի գերակայության երաշխավորման նպատակներով։

Իրավասու մարմնի թողտվության հետևանքով Միությունը, համակողմանիորեն անդրադառնալով և արձագանքելով դատական իշխանության և դատավորների անկախության առջև ծառացած մարտահրավերի, փաստացի իրականացնում է նաև գործառույթներ, որոնք ՀՀ Սահմանադրության և ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի կարգավորումներով վերապահված են հենց այդ մարմնին՝ Բարձրագույն դատական խորհուրդին։

Վերահաստատում ենք՝ Միությունը շարունակելու է հավատարիմ մնալ իր առաքելությանը:

Միությանը կարող են անդամագրվել և նրա գործունեությանն իրենց մասնակցությամբ և աջակցությամբ նպաստել ինչպես գործող, այնպես էլ նախկին այն դատավորները, որոնք իրենց գործի նվիրյալներ են, գիտակցում են իրենց սահմանադրական առաքելությունն իրականացնելու ողջ նշանակությունը, միավորված են ընդհանրական այնպիսի գաղափարներով և նպատակներով, ինչպիսիք են՝ դատավորների և դատական իշխանության անկախության, հեղինակության պաշտպանությունը ու ամրապնդումը։

Միևնույն ժամանակ կոչ ենք անում բոլոր այն դատավորներին, որոնք իրենց գործունեությունը չեն տեսնում Միության կանոնադրական տիրույթում, լքել մեր շարքերը՝ դրանով իսկ աջակցելով Միության ինքնամաքրմանը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ