14 07 2023

Վիտալի Բալասանյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ

Վիտալի Բալասանյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ

Արցախի Հանրապետության դատախազությունը հաղորդագրություն է տարածել ․

«2023 թվականի հուլիսի 13-ին, քրեական գործի շրջանակում՝ դատարանի թույլտվությամբ, Վ. Բ-ին պատկանող առանձնատանը խուզարկություն կատարելու ընթացքում առանձնատան սեփականատեր Վ. Բ.-ն կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ է արտահայտել իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ԱԱԾ մի խումբ աշխատակիցների հասցեին՝ կապված իրենց ծառայողական պարտականությունների կատարման հետ:

Այնուհետև, Վ. Բ.-ին խուզարկության կատարման վայրից հեռացնելու ժամանակ, տվյալ պահին նշված առանձնատանը գտնվող Ա. Բ.-ն, Վ. Բ.-ն և Գ. Յու.-ն կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն են գործադրել ԱԱԾ աշխատակիցների նկատմամբ, քաշքշել վերջիններիս և դիմադրություն ցույց տալու եղանակով փորձել խոչընդոտել իշխանության ներկայացուցիչների գործողություններին:

Նկարագրված դեպքի առթիվ ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում 13.07.2023թ. հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով և 337-րդ հոդվածի 1-ին մասով /Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը/ նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Վ.Բ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ