ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի կրտսեր որդու՝ Իգոր Խաչատուրովի գործով արդարացման վերդիկտ է կայացվել։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, հրապարակեց գործով արդարացման վերդիկտը։
Հիշեցնենք, որ Իգոր Խաչատուրովը մեղադրվում էր ՀՀ քրեական (2003թ) օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը:
ՔԿ տարածած հաղորդագրության համաձայն՝ 2022թ. մայիսի 17-ին` ժամը 08:30-ի սահմաններում, ընդդիմության նախաձեռնության մի խումբ մասնակիցներ Կիևյան փողոցի 15 հասցեի մոտակայքում փակել են ճանապարհը՝ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը:
Ըստ ՔԿ-ի՝ այդ հատվածում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներն, իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, հորդորել են բացել ճանապարհը՝ փորձելով նրանց հեռացնել ճանապարհից, որի ընթացքում նախաձեռնության մասնակիցներից երկուսը ձեռքերով հարվածներ են հասցրել ծառայություն իրականացնող ոստիկանի կրծքավանդակի շրջանում, ինչի արդյունքում վերջինս կորցրել է գիտակցությունը:
Իգոր Խաչատուրովը նախաքննության ընթացքում գտնվել է կալանքի տակ և միայն դատարանում փոխվել է նրա խափանման միջոցը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը