30 01 2023

Ադրբեջանը չի կատարել նաև ՄԻԵԴ-ի որոշումը․ փաստաբան Սալոնիտիս

Ադրբեջանը չի կատարել նաև ՄԻԵԴ-ի որոշումը․ փաստաբան Սալոնիտիս

 

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված մարդասիրական ճգնաժամը շարունակվում է և կշարունակվի, եթե ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը հրատապ կերպով չմիջամտի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի հայցը ներկայացնող փաստաբաններից Կոնստանտինոս Սալոնիտիսը ՄԱԿ-ի արդրադատության միջազգային դատարանում՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատավարական լսումներում:

Կոնստանտինոս Սալոնիտիսը նախ խոսեց կանխակալ վերաբերմունքի մասին: «Դատարանը իրավունք ունի միջանկյալ միջոցներ կիրառել, եթե կանխակալ վերաբերմունքի հետևանքով կարող են տուժել դատական վարույթում քննվող իրավունքները, կամ, եթե այդ իրավունքների ոտնահարումը կարող է անուղղելի հետևանքներ առաջացնել»,-ասաց նա:

Սալոնիտիսը հիշեցրեց, որ բոլոր նախկին գործերում, որոնց շրջանակում Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի հնարավոր խախտում է եղել, դատարանը կոնվենցիայի 5-րդ հոդվածով նախատեսված իրավունքները ճանաչել է այնպիսին, որ դրանց նկատմամբ կանխակալ վերաբերմունքը կարող է անուղղելի վնաս պատճառել: Նա տարբեր օրինակներ բերեց. օրինակ՝  Կատարն ընդդեմ Արաբական Միացյալ Էմիրությունների գործով դատարանն արձանագրել է, որ կանխակալությունը կարող է անուղղելի համարվել, եթե անձանց նկատմամբ կիրառվում են ժամանակավոր կամ շարունակվող միջոցներ, որոնց հետևանքով նրանք կտրվում են ընտանիքից և կրում են հոգեբանական տառապանք:

Սույն միջնորդությամբ պահանջելով միջանկյալ միջոց՝ Հայաստանը ձգտում է պաշտպանել էթնիկ հայերի իրավունքները՝ կոնվենցիայի 5-րդ հոդվածի բ,դ, ե ենթակետերով, 4-րդ կետով, նաև  Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված հանգամանքները: Ադրբեջանն այս հանգամանքներով վտանգել է հայության՝ հազարավոր մարդկանց անվտանգությունը, նրանց զրկել տեղաշարժի ազատությունից և սիրելի մարդկանց հետ լինելու իրավունքից, սնունդ, դեղորայք, բուժօգնություն, կրթություն, ջեռուցում, էլեկտրաէներգիա ստանալու իրավունքներից՝ ցրտաշունչ ձմեռվա ամիսներին: «Դատարանը հիմքեր չունի վերանայելու իր ձևավորած նախադեպային պրակտիկան՝ կոնվենցիայի 5-րդ հոդվածի հիման վրա կամ  իրավունքների հնարավոր ոտնահարումների վերաբերյալ ձևավորված դատական պրակտիկան»,-շեշտեց Կոնստանտինոս Սալոնիտիսը:

Ապա Կոնստանտինոս Սալոնիտիսը միջանկյալ միջոցի կիրառումը հիմնավորեց հրատապության գործոնով: Դատարանը հստակորեն հայտնել է, որ միջանկյալ միջոցներ կիրառում է այն դեպքում, երբ կա հրատապություն՝ այն իմաստով, որ կա իրական վերահաս ռիսկ, որ կարող է վնաս պատճառվել նախքան դատարանի կողմից վերջնական որոշման կայացումը, ինչը տեղի է ունեցել ԼՂ շրջափակման այս 50 օրերի ընթացքում: Ապա Կոնստանտինոս Սալոնիտիսը մանրամասն ներկայացրեց փաստեր՝ գազամատակարարման դադարեցումից մինչև դեղերի, սննդի պակաս, դպրոցների, նախակրթարանների փակումից մինչև Հայաստանից ԼՂ բարձրավոլտ հոսանքի միակ գծի վնասում և այլն:

«Իրավիճակը մնում է վտանգավոր: Թևակոխում ենք 50-րդ օրը: Ավելի քան 1000 անձ կտրված է ընտանիքից և ընկերներից, այդ թվում՝ հարյուրավոր երեխաներ: Պատկերացրեք, թե վերջին 50 օրերին ամեն րոպե այդ երեխաները, նրանց ծնողներն ինչ են զգացել:  Քիմիոթերապիա հնարավոր չէ ստանալ, մարդիկ բուժում չեն ստանում արդեն 7 շաբաթ, այսինքն՝ քաղցկեղից բուժվելու շանսերը կամաց-կամաց զրոյանում են: Այս պահին հարյուրավոր պլանային վիրահատություններ անժամկետ կասեցված են, հիվանդանոցների պալատները հնարավոր չէ բավականաչափ ջեռուցել, որ անվտանգ նվազագույն ջերմաստիճան ապահովվի: Գազամատակարարումն այս նիստից անմիջապես առաջ վերականգնվեց, բայց պարզ չէ, թե քանի ժամով կամ որքան ժամանակով: Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումները նախկինի պես անհրաժեշտ են, որ էլեկտրաէներգիայի ցանցը շարունակի կայուն գործել…»,- ներկայացրեց նա:

Կոնստանտինոս Սալոնիտիսը հավելեց՝ ցանկացած պնդում, թե այս իրավիճակը կարող է լուծվել այն չնչին մատակարարումներով, որոնք թույլ են տալիս տեղ հասցնել, ցինիզմի դրսևորումներ կլինի,  նաև՝ ցանկացած պնդում, թե 120 հազար մարդկանց հրատապ ու ընթացիկ բուժօգնության համար ամեն անգամ պետք է ԿԽՄԿ-ի հետ բանակցել:

«Արգելափակումը պետք է ամբողջովին վերացվի: Եվ պետք է ապահովվի հանրային ծառայությունների անխոչընդոտ հասանելիությունը, որ այս դաժան արգելափակումից տուժողների համար հետևանքները վերացվեն: Սա միայն Հայաստանի եզրակացությունը չէ, սա նաև միջազգային հանրության եզրակացությունն է»,-ասաց նա:

Կոնստանտինոս Սալոնիտիսը հիշեցրեց Ադրբեջանին ուղղված բազմաթիվ կոչերի մասին՝ հրատապ դադարեցնելու արգելափակումը:  Սա անհրաժեշտ է՝ խուսափելու մարդասիրական աղետից, որի ռիսկը օրեցօր ահագնանում է: Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը չի կատարել նաև ՄԻԵԴ-ի որոշումը:

«Կոչերն անտեսվել են, Ադրբեջանը բացահայտ պարծենում է, թե ինչպես իրեն հնարավոր չէ կանգնեցնել, թե դա չի կարող անել միջազգային հանրությունը, անգամ՝ Ստրասբուրգի դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշումը: Իրավիճակն աստիճանաբար վատթարանում է, դա ակնհայտ է»,- ասաց նա՝ հավելելով, որ մարդասիրական ճգնաժամը շարունակվում է , և մտավախություն ունի, որ դա շարունակվելու է, եթե դատարանը հրատապ չմիջամտի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ