08 11 2022

Ցանկացած կարգապահական վարույթ հունից հանում է դատավորին ու ստեղծում է ավելորդ լարվածություն․ Նախշքարյան



Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ԱԺ 334 դահլիճում տեղի է ունենում քննարկում «ՀՀ դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրները եւ դատական գործը ողջամիտ ժամկետում քննելը՝ որպես Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր» թեմայով: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանն իր խոսքում անդրադարձավ կարգապահական վարույթներին՝ նշելով․ «Կարգապահական վարույթներով էլ ոչ մեկին չեք կարող զարմացնել։ Չգիտեմ, կարող է մեկ-երկու հոգի զարմանան, բայց ես հաստատ չէ»,-ասաց դատավորը։

Դատավորն արձանագրեց, որ հարուցվող կարգապահական վարույթները հիմնականում պայմանավորված են ժամկետների խախտումներով և այլն. «Հարգելի քաղաքացիներ, եթե մենք պատասխանենք ձեր մեկ զանգին, դրանից երեք քաղաքացի, այդ թվում՝ դուք, ավելի ուշ եք ստանալու դատական ակտերը »։

Դատավորի խոսքով՝ դատավորների թվի ավելացումը արդյունք չի տա, ծանրաբեռնվածությունը պահպանվել է։ Ըստ նրա՝ ծանրաբեռնվածությունը թեթևանալու է օրենսդրական փոփոխություններով, էլեկտրոնային համակարգերի ներդրմամբ, դատավորների գործառույթների կրճատմամբ։

Նրա դիտարկմամբ՝ Արդարադատության նախարարությունն ու Բարձրագույն դատական խորհուրդը պետք է լուծեն առկա խնդիրները, որից հետո նոր մտածեն դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու մասին. «Ցանկացած կարգապահական վարույթ հունից հանում է դատավորին ու ստեղծում է ավելորդ լարվածություն»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ