Ապարանում կիրակի օրը տեղի ունեցած սահմռկեցուցիչ միջադեպը իրար է խառնել ողջ իշխանական համակարգը։
Yerevan.Today-ին հասած տեղեկություններից մեկի համաձայն, հարկադրել, խնդրել կամ սպառնալիքներով ջնջել են տվել ապարանցի Ռաֆիկ Մարտիրոսյանի գազալցակայանի տեսախցիկների ողջ տեսագրությունը։ Պարզվում է՝ ջանքեր են ներդրվել Ապարանի ՋՕԸ-ի պետի հետքերը մաքրելու համար, ով, փաստորեն, ներկա է գտնվել միջադեպին և, փաստորեն, առնչվում է Ապարանում 7 հոգու կրակոցով վիրավորելու և երկու երիտասարդի սպանության արյունալի միջադեպի հետ։ Հոդվածի հրապարակումից առաջ նաև պարզեցինք, որ այդ «խնայված» ՋՕԸ-ի պետը հենց Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական թիմի պատգամավոր, քուչակցի Մաթևոս Ասատրյանի եղբայրն է՝ Գրզո Ասատրյանը, ում մասնակցության մասին մամուլը արդեն բազմաթիվ հրապարակումներ է արել։
Հիշեցնենք, երեկ ՔՊ-ական պատգամավորը համարյա սպառնալիքներով հարուստ տեքստ էր տարածել, որը, ենթադրաբար, գրվել էր կուսակցական գրասենյակում` հերքելու քաղաքական դրդապատճառը, և իրենց քաղաքական թիմի փոխկապակցվածությունն այս աղմկահարույց միջադեպի հետ։ Մյուս կողմից՝ վախ ու սարսափ տարածելու ապարանցիների ու քուչակցիների և գուցե միջադեպի մասնակիցների շրջանում, որ հանկարծ չհամարձակվեն Գրզոյի անունը տալ։ Փաստացի, քպական պատգամավորը, իր անունից, այնուհետ Ոստիկանությունը իր աղմկահարույց հաղորդագրությամբ, անուղղակիորեն հասկացրեցին, որ Գրզոն ևս արտոնյալ ու պաշտպանված է։
Լուսանկարում ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը