05 04 2022

Կուրսանտի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 15 տարի ազատազրկման. News.am

Կուրսանտի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 15 տարի ազատազրկման. News.am

News.am-ը գրում է.

«Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ ապրիլի 5-ին, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությունից ավելի քան 7 տարի անց հրապարակեց դատավճիռը:

Սպանության մեջ մեղադրվող անձանց արարքները վերաորակվեց մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կազմում սպանության և 4-ն էլ` Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը, Նորիկ Սահակյանը, Մովսես Ազարյանը դատապարտվեցին 15 տարի ազատազրկման:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։

Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Ամբաստանյալներին վերագրվող արարքը որակվել է խմբի կազմում, խուլիգանական դրդումներով, առանձին դաժանությամբ սպանություն, (Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5,-րդ, 7-րդ և 10-րդ կետերով), նրանք իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունել, այժմ փաստարեն, դատարանը նրանց արարքը վերաորակեց Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:

Նշենք, որ դատախազությունը մեղադրական ճառով ավելի խիստ պատիժներ էր պահանջել ամբաստանյալների համար, մասնավորապես` Գնել Թևոսյանի և Վաչե Սահակյանի համար` 20-ական, իսկ Նորիկ Սահակյանի ու Մովսես Ազարյանի համար` 18-ական տարի ազատազրկում, իսկ սպանվածի հայրը` Արկադի Բարսեղյանը պնդում է, որ 4 ամբաստանյալներին էլ  պետք է ցմահ ազատազրկման դատապարտել։

Այս գործը հանրային մեծ հնչեղություն է ստացել ոչ միայն կատարվածի, այլև այն պատճառով, որ ամբաստանյալներից մեկը՝ Գնել Թևոսյանը, ռազմական ինստիտուտի արդեն նախկին փոխտնօրեն Զարմիկ Մարկոսյանի որդին է։ Հայկազ Բարսեղյանի սպանությունից հետո Մարկոսյանն ազատվել է պաշտոնից, ապա նրան մեղադրանք է առաջադրվել՝ զորամասում որդու համար արտոնյալ պայմաններ ստեղծելու համար։ Մարկոսյանին, սակայն դատարանն արդարացրել է։

Ամբաստանյալներին, բացի սպանության մեղադրանքից, մեղադրանքներ են առաջադրված եղել նաև զինվորական կանոնադրային հարաբերություններ խախտելու համար, սակայն գործի դատաքննության ընթացքում դրանց վաղեմության ժամկետներն անցել են, ու ամբաստանյալները չեն առարկել, որ իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի` արարքների վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ