28 03 2022

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց



Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, հարապարկեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատավճիռը։

Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։

Դատավորն ընթերցեց դատավճիռը, որի համաձայն. «Ճանաչել և հռչակել Առուշ Առուշանյանի անմեղությունը ՔՕ 38-154.2 մաս 4 կետ 2-ով, 35-154.2 մաս 4 կետ 2-ով, ՔՕ 291-րդ հոդվածի 2-րդ մասով և ՔՕ 188-րդ հոդվածի 3 մաս 1 կետով  նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրան արդարացնել արարքներում  հանցակազմերի բացակայության հիմքով։

Առուշ Առուշանյանին մեղավոր ճանաչել ՔՕ 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով և որպես  պատիժ նշանակել՝ տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկել 5 տարի ժամկետով։

Առուշ Առուշանյանին մեղավոր ճանաչել ՔՕ 322-րդ հոդվածի (Ինքնիրավչությունը) 2-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 700-ապատիկի չափով։

Առուշ Առուշանյանին մեղավոր ճանաչել ՔՕ 113–րդ հոդվածով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 1 տարի  3 ամիս ժամկետով։  Ազատազրկում նշանակված պատժի ժամկետի մեջ  հաշվարկել արգելանքի  տակ գտնվելու ժամկետը՝ 8 ամիս 12 օր և վերջնական պատիժ թողել 6 ամիս 18 օր ժամկետով։ 

Ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 1 տարի 6 ամիս ժամկետով։

Բավարարել Առուշ Առուշանյանի պաշտպանի միջնորությունը և  ամբաստանյալի  նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխել, կիրառել որպես խափանման միջոց  չհեռանալու մասին ստորագրությունը մինչև դատական  վճիռն օրինական ուժի մեջ մտնելը և վերջինիս անհապաղ ազատ արձակել դատական նիստերի դահլիճից»։

Գորիսում դատարանի շենքի դիմաց, որտեղ անցկացվում է դատական նիստը, հավաքված են Առուշ Առուշանյանի աջակիցները:

Հիշեցնենք, որ ի սկզբանե դատավոր Գնել Գասպարյանի վարույթում է եղել արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո հարուցված քրեական գործը՝ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք տալու վերաբերյալ, ընդ որում, ըստ ՀՔԾ-ի, որպես ընտրակաշառք է ներկայացվել դրամական աջակցությունը։ Սույն գործի շրջանակներում հուլիսի 5-ին ձերբակալվել էր Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու հատկանիշներով, ապա կալանավորվել, իսկ օրեր անց՝ դատախազի որոշմամբ գրավի դիմաց ազատ արձակվել։ Ավետյանի ցուցմունքի հիման վրա Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասի (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։

Մյուս քրեական գործը, որը միացվել է սույն վարույթին, ավելի վաղ է ուղարկվել դատարան և քննվում էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի վարույթում։ Սույն գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման համաձայն՝ Ա.Առուշանյանն իր ընտանիքին պատկանող մեկ այլ ՍՊ ընկերությունում 2020թ. հունվար-փետրվար ամիսներին կատարված գույքագրմամբ արձանագրված շուրջ 33,000,000 ՀՀ դրամ պակասորդի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու և պատճառված վնասը հատուցելուն հարկադրելու նպատակով 2020թ. փետրվարին ընկերության պահեստ է կանչել ՍՊ ընկերության աշխատակցին և վերջինիս հետ հանդիպման ընթացքում ֆիզիկական բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքով, որպես պատճառված ենթադրյալ վնասի դիմաց փոխհատուցման միջոց՝ աշխատակցից պահանջել է իրեն տրամադրել նրան պատկանող «Նիսսան պայտֆայնդեր» մակնիշի ավտոմեքենան, բանկում գրավադնել կնոջ հարազատներին պատկանող բնակարանը և ստացած վարկային միջոցները տրամադրել իրեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ