Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, պարզվում է, նշանակվել է այդ պաշտոնին ՀՀ օրենսդրության կոպիտ ոտնահարմամբ։
Այսպես, համաձայն հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի՝ «Վարչական պաշտոնները կարող են զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն»: Մարզպետի և նրա տեղակալների պաշտոնը համարվում է վարչական պաշտոն։
Ուսումնասիրեցինք, թե ի՞նչ կրթություն ունի Ռազմիկ Պետրոսյանը, որը 2021թ․ հոկտեմբերի 28-ին Արագածոտնի մարզպետ է նշանակվել։ Ռազմիկ Պետրոսյանի կենսագրականի մեջ գրված է․ «Մասնագիտությամբ տնտեսագետ է, ունի բարձրագույն զինվորական կրթություն»։
Ռազմիկ Պետրոսյանի կենսագրականում նշված չէ, թե տնտեսագետի դիպլոմը որ համալսարանում է ստացել։ Yerevan.Today-ը հարցում արեց Արագածոտնի մարզպետարան, թե ո՞ր բարձրագույն կրթական հաստատությունում է կրթությունը ստացել, ո՞ր թվականներին, ե՞րբ է ավարտել, ի՞նչ մասնագիտացմամբ։ Խնդրեցինք տրամադրել նաև դիպլոմի պատճեն։
Մարզպետարանից ստացանք պատասխան, թե՝ «ՀՀ Արագածոտնի մարզպետ Ռ․ Պետրոսյանը 2002 թվականի մայիսի 25-ին ավարտել է Հովնանյանի անվան համալսարանը՝ ֆինանսներ և վարկ մասնագիտությամբ՝ տնտեսագետի որակավորմամբ»։
Անգամ «Google» որոնողական համակարգում ում որևէ բան չգտնելով մեզ բոլորովին անծանոթ այս համալսարանի վերաբերյալ, հարցում ուղարկեցինք ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ հասկանալու համար՝ Հայաստանում լիցենզիա ունեցե՞լ է Հովնանյանի անվան համալսարանը, ի ՞նչ մասնագիտացումների համար է լիցենզիա ունեցել, ե՞րբ է բացվել-փակվել, ի՞նչ հիմնավորմամբ է դադարեցրել գործունեությունը, արդյո՞ք այդ բուհի տված դիպոմը համարվում է պետական նմուշի փաստաթուղթ և ստացած կրթությունը՝ բարձրագույն կրթություն։ Արդյո՞ք հավատարմագրված եղել է, թե՞ ոչ՝ այդ տարիներին գործող օրենսդրության համաձայն։
ԿԳՄՍ նախարարության պատասխանը հաստատեց մեր կասկածները՝ Արագածոտնի մարզպետի դիպլոմը կեղծ է։ Եվ այսպես, ԿԳՄՍ նախարարությունից ստացված պատասխանում նշվում է՝
«Հովնանյանի անվան համալսարանը (ռեկտոր՝ Միհրդատ Գևորգյան) գործունեություն իրականացրել է Ապարան, Գարեգին Նժդեհի 4 հասցեում։ ՀՀ Կրթության նախարարության կողմից 13․11․1996թ․ տրվել է արտոնագիր՝ N108, 5 տարի ժամկետով, հետևյալ մասնագիտությունների գծով․
1․ ֆինանսներ և վարկ,
2․ Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա։
Հետագայում, հերթական անգամը, օրենսդրության պահանջներին համապատասխան՝ Հովնանյանի անվան համալսարանը լիցենզավորման համար չի դիմել լիազոր մարմնին, հետևաբար, առանց լիցենզիայի առկայության պետական հավատարմագրման հայտ չէր կարող ներկայացնել։ Այնպես որ, 1996-2000 թվականներին Հովնանյանի անվան համալսարանի տրամադրած փաստաթուղթը համարվում է մասնավոր, արտոնագրված, չհավատարմագրված ուսումնական հաստատության կողմից տրված փաստաթուղթ»։
Չնայած ամեն ինչ հասկանալի է, բայց ևս մեկ անգամ կրկնենք՝ Հովնանյանի անվան համալսարանը իրավունք է ունեցել գործելու 1996-2001 թվականներին, 2001 թվականից հետո չի ունեցել լիցենզիա, հետևաբար՝ չի ունեցել նաև հավատարմագրում, բայց 2002 թվականին դիպլոմ է տվել Ռազմիկ Պետրոսյանին։
Ավելին՝ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է․ «ՀՀ պետական մարմինների և ՊՈԱԿ-ների համար բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթուղթը պետական կամ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատության տրված ավարտական փաստաթուղթն է»։
Այսինքն, եթե անգամ Հովնանյանի անվան համալսարանի տրամադրած դիպլոմը կեղծ չլիներ, դա չէր համարվելու բարձրագույն կրթություն, քանի որ այդ բուհը ի սկզբանե եղել է չհավատարմագրված։
Ստացվում է՝ Ռազմիկ Պետրոսյանը ՀՀ վարչապետի առաջարկությամբ ու ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է մի պաշտոնի, որի նշանակվելու իրավունք չուներ օրինական ավարտական դիպլոմ չունենալու պատճառով։
Սակայն, սա Ռազմիկ Պետորսյանի կենսագրությունում առաջին դեպքը չէ, նա կեղծ դիպլոմով պաշտոնից պաշտոն է փոխում։ Հիշեցնենք, որ մինչ մարզպետ նշանակվելը, մարզպետի տեղակալ է աշխատել, որի դեպքում ևս, օրենսդրության համաձայն, պահանջվում է բարձրագույն կրթություն։
Ստացվում է՝ մեկը, որը ՀՀ բյուջեից ամեն ամիս ստանում է բավականին բարձր աշխատավարձ, ստորագրում է հրամաններ, որոշումներ, մասնակցում է կառավարության նիստերի, պետական որոշակի աստիճանի գաղտնիքի է տիրապետում՝ ՀՀ օրենսդրությամբ չունի դրա իրավունքը։
Դիմում ենք ՀՀ գլխավոր դատախազությանը՝ ընթացք տալու այս հրապարակմանն ու քրեաիրավական գնահատական տալու առանց դիպլոմի մարզպետ աշխատողի գործողություններին։
Թե ինչ գործընթաց կնախաձեռնի այդ ամենի իրական պատասխաատուն՝ ՀՀ կառավարությունը, չենք կարող ասել, սակայն այս հրապարակմամբ դիմում ենք նաև Կառավարությանը, որն անհապաղ պետք է ազատվի առանց դիպլոմի մարզպետ աշխատող և պետբյուջեն վնասող այդ կադրից, հակառակ պարագայում կստացվի որ հանցավոր համաձայնությամբ է կատարվել նշանակումը։
Հ․Գ․
Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի ապրիլի 5-ին ֆեյսբուքյան էջում գրեց, թե չի ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց տեղեկացնում է, որ իր անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իր մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: «Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի և մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, և վարչապետի որևէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»:
Նիկոլ Փաշինյանի ազգական Մամիկոն Հովհաննիսյանը, ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի՝ լինելով ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի ինժեներ, 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին ներկայացնելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993թ. «գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու և ինժեներ-մեխանիկի որակավորում ստանալու մասին դիպլոմի պատճե, նշանակվել էր նույն կազմակերպության փոխտնօրեն։ Տվյալներ էին ի հայտ եկել դիպլոմի՝ առերևույթ կեղծված լինելու մասին: Վարչապետն ասաց, որ բոլորը հավասար են օրենքի առաջ, իրենից է սկսում։ Հետագայում գործը կարճվեց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը