«Միջազգային աուդիտը չի հաստատել Հայաստանի կառավարության կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի վերաբերյալ հաշվետվությունը, ինչը հարցականի տակ է դնում հիմնադրամի ապագան»,- այս մասին տելեգրամյան իր ալիքում գրում է քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանը։ Նա հավելում է, որ Սփյուռքի կողմից հիմնադրամին փոխանցված շուրջ 8 միլիոն դոլարը կանխիկացվել և յուրացվել է Հայաստանում գործող ռեժիմի ներկայացուցիչների կողմից: «Զավեշտն այն է, որ ոչ՛ ԱԱԾ-ն, ոչ՛ դատախազությունը այս գործով որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել՝ չփորձելով անգամ հետաքննություն անցկացնելու իմիտացիա ստեղծել»,- նշում է նա։
Հիշեցնենք, որ պատերազմի օրերին ողջ հայությունը գումար էր հանգանակում Հայաստան համահայկական հիմնադրամին, որը դրամահավաքը կազմակերպել էր «Մենք ենք, մեր սահմանները» խորագրի ներքո։ Հիմնադրամի մասին սկանդալային ինֆորմացիան նախ հրապարակեց Yerevan.Today կայքը՝ հայտնելով, որ պատերազմի օրերին հանուն Արցախի կարիքների և հաղթանակի համար Սփյուռքից հանգանակված միլիարդավոր դրամներ են «անհետացել»: Գրել էինք, որ հավաքված 170 միլիոն դոլարի շուրջ 80% ը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմի կամքից անկախ գաղտագողի որոշվել է փոխանցել ՀՀ պետբյուջե, և ամենազավեշտալին այն է, որ այդ գործարքի փաստաթղթավորումը ձևակերպվել է իբրև նվիրատվություն ՀՀ պետական բյուջեին։ Այդ գումարը դարձել էր սովորական բյուջետային ծախս։
Աղմուկից հետո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատեց, որ գումարները փոխանցվել են բյուջե։ Այնուհետև ֆինանսների նախարարությունը հայտարարությամբ հյանդես եկավ, նշելով, որ խոսքը 52 մլրդ դրամի մասին է կամ 107 մլն դոլարի։
Այնուհետև մամուլը գրեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի փողերով նաև ՊՆ շենքն է բարեկարգվել:
Հիմնադրամի գումարները «նվիրվել են» բյուջեին հոգաբարձումների խդրհրդի նիստի որոշմամբ։ Խորհրդի նիստին մասնակցությունը, սակայն, եղել է խիստ ընտրողաբար։
Մասնավորապես, Yerevan.Today-ը զանգահարել էր Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանին, որը հանդիսանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ․ նա հայտնել էր, որ իրեն, որպես խորհրդի անդամ, չեն հայտնել հիմնադրամի կանոնադրական նպատակներից դուրս կատարվող ծախսերի մասին:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է հանդիսանում նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Yerevan.Today-ը դիմել էր նաև երկրորդ նախագահի գրասենյակ՝ պարզելու՝ երկրորդ նախագահին դիմե՞լ են, տեղեկացրե՞լ են այս ծախսերի համար։ Գրասենյակից ստացանք պատասխան, որ․ «ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին արդեն երկու տարուց ավելի է, ինչ որևէ հրավեր կամ որևէ որոշման նախագիծ, կամ փաստաթուղթ չի ուղարկվել հիմնադրամից: Նախագահը չի մասնակցել որևէ միջոցառման, ծանոթ չի եղել և չի հաստատել հիմնադրամի կողմից ընդունված որևէ որոշում, չնայած նրան, որ նա կարծես թե, ըստ հիմնադրամի հիմնադիր փաստաթղթերի և կանոնադրության, հանդիսանում է՝ «Հայաստան» Համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:
Ինչ վերաբերում է վերջերս ընդունված կոռուպցիոն առումով կասկածելի որոշմանը, որով հիմնադրամի գումարները (52 մլրդ դրամ) փոխանցվեցին ՀՀ կառավարոթյանը, ապա Նախագահը տեղյակ չէր այդ գործողության մասին: Մեր հարյուր հազարավոր հայրենակիցների գումարները իրենց նպատակին և կամքին հակառակ այլ նպատակով տնօրինելու մեջ մենք տեսնում ենք ՀՀ օրվա իշխանությունների կողմից համազգային կառույցների հանդեպ վստահության փոշիացման ուղղությամբ հերթական քայլը։ Հաղթանակի համար հավաքված գումարները, մի անհասկանալի և գաղտնի որոշմամբ փոխանցվեցին պարտության խորհրդանիշ՝ կառավարության տնօրինմանը: Կարծում ենք, սրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, եթե այդպիսիք Հայաստանում դեռ կան»։
Հիմնադրամի գումարները պետբյուջե փոխանցելու մասին այս աղմուկից հետո խոսեց նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա ի պաշտոնե հանդիսանում է Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահը: Նոյեմբերի 6-ին նախագահը հարկադրված եղավ հիմնադրամի շուրջ խորացող անվստահության մասին հայտարարություն անել։ Ասաց, որ ստիպված է միջազգային աուդիտ հրավիրել, որպեսզի պարզվի «Մենք ենք մեր սահմանները» խորագրի տակ հայրենակիցներից հանգանակված գումարների ծախսերը: Նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել էր, որ ինքը դեմ է եղել հիմնադրամի փողերը «տանելու» հրահանգված ձևին, ինքն առաջարկել է որպես փոխառություն այն ձևակերպել, սակայն իր կարծիքը հաշվի չի առնվել:
Նախագահը Հիմնադրամի տնօրենից պահանջել է թափանցիկ ֆինանսկան հաշվետվություն ներկայացնել և հիմնավորել ծախսերը:
Հրավիրվեց միջազգային աուդիտ, որն էլ, ըստ քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանի, փաստորեն, բացասական եզրակացություն է տվել, ինչը մշուշոտ է դարձնում Հիմնադրամի ապագան։
Հավելենք, որ Հիմնադրամին հանգանակած գումարների անհետացման մասիին էր գրել «Դեժավյու» տելեգրամյան ալիքը։ Հրապարակմամբ անդրադարձ է կատարվում պատերազմի օրերին կառավարության կողմից հիմնադրամի գումարներով արված գնումների մասին, որոնք եղել են իրական գնից անհամեմատ բարձր։ Խոսքը զրահաբաճկոնների մասին է, ոորոն ձեռք են բերվել, համաձայն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հատը 600 դոլարով։
««Դեժավյու»-ի տեղեկություններով, պատերազմի օրերին, այդ գործարքները համակարգել են և «քավորություն են» արել 4 հոգի՝ պատգամավոր Հայկ Սարգսյանը «Շիշ բռնողը», կառավարության աշղեկ Էդուարդ Աղաջանյանը «DJ Էդո», Անդրանիկ Քոչարյանը և նախարար Հակոբ Արշակյանը։ Այս 4 կերպարները պատերազմի օրերին իբր նախաձեռնում են պատերազմի կարիքների համար գնումների գործընթացնր, որը անում են Հայաստան հիմնադրամից ստացված գումարներով, շրջանցելով ՊՆ-ը, իսկ նպատակն է լինում որքան հնարավոր է փող աշխատել։
Բացի զրահաբաճկոնների ուռճացված գնումներից, կա ևս մի պատմություն, որ 11 միլիոն դոլար գումարի գնում են իբր կազմակերպում, կանխիկացնում են այդ գումարը և մինչ այսօր ոչ այդ ապրանքն են մատակարարել, ոչ այդ գումարը կա։ Այս մութ պատմությունները վստահաբար կքննվեն իշխանափոխությունից հետո, իսկ մենք շուտով կհրապարակենք նաև մանրամասներ՝ թե կորած 11 միլիոն դոլարի մասին թե ուռճացված գներով զրահաբաճկոնների մասին»։
Ուշագրավ է, սակայն, որ չնայած այս ամենին, այդպես էլ իրավապահները քայլ չարեցին այս ամբողջ պատմությունը հետաքննության առարկա դարձնելու համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը