08 07 2020

«Էպիկուրը» կպատժվի. Աղավնաձորի ծերատան թունավորման դեպքով քրգործ է հարուցել

«Էպիկուրը» կպատժվի. Աղավնաձորի ծերատան թունավորման դեպքով քրգործ է հարուցել

Աղավնաձորի ծերատուն-պանսիոնատում գրանցված մասսայակ թունավորման դեպքով Ոստիկանությունում քրեական գործ է հարուցել:  Այս մասին YerevanToday-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից՝ նշելով, որ քր գործը հարուցված է քրեական օրենսգրքի 279 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:   Հիշեցնենք, դեպքը տեղի էր ունեցել հունիսի 22-ին՝ Աղավնաձորի ուսանողական պանսիոնատում, որը ժամանակավորապես հատկացվել էր՝ Սոցապնախարարությանը՝ կորոնայից բուժված տարեցների կարիքների համար:

Ավելի վաղ Yerevan.Today-ը գրել էր նորաստեղծ ծերատան սննդային թունավորման մասին ՝նշելով, որ Աղավնաձորում պահվող Սոցապի շահառուներն ու նրանց սպասարկող անձնակազմը թունավորվել է Երևանի  «Էպիկուր» փաբից պատվիրված սննդի պատճառով:

Հայտնել էինք նաև, որ թունավորումից տուժած 30 անձիք բժշկվում էին տեղում, փաստորեն, որոշում կայացնողները նախընտրել էին  տարեց խնամյալներին չտեղափոխել հիվանդանոց, որպեսզի խուսափեին հնարավոր աղմուկից:  Դեպքը կոծկելու նախարարության ջանքերի մասին խոսուն փաստ էր գերատեսչության լռությունը, այս մասին վկայում էր նաև այն, որ թունավորման դեպքի մասին ահազանգ չէր հնչել ոստիկանության բաժին և ԱԻՆ փրկարարական ծառայություն:  Արտակարգ դեպքի մասին առաջինը ահազանգեց Yerevan.Today –ը:

Նկատենք, իրավիճակը փոխվեց այն բանից հետո, երբ  մեր նկարահանող խումբը Սոցապնախարարության կամքին հակառակ, ահազանգի հետքերով անմիջապես ուղևորվեց Աղավնաձոր և հետաքննական նյութով բավականին ուշագրավ տեղեկություններ հրապարակեց մասսայական թունավորման պատճառ դարձած Երևանի՝ Պուշկինի 40 հասցեում գործող Էպխիկուր փաբի, դրա  ոչ լեգալ գործունեության,  այդ անբարեխիղճ գործարարի հետ Սոցապնախարարության պաշտոնյաներ հետ ունեցած անձնական կապերի մասին, և այդ կապերով հապճեպ գլուխ բերած պետգնումներով գործարքների և դրանց տակ քողարկված մութ պատմությունների մասին:

Մեր հրապարակումից հետո սոցապաշտպանության ոլորտը համակարգող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կաբինետում հրատապ քննարկում է հրավիրվել: Պարզվում է՝ կառավարական օղակները պանսիոնատի շուրջ ծավալվող իրադարձություններին, փաբ-սոցապնախարարություն գործարքի մանրամասներին, ու ծածուկ որոշումներին հանգամանալից  տեղեկացել են մեր հրապարակումների միջոցով։ 

Արդյունքում՝ կառավարության իրադրային որոշմամբ ստեղծված  Աղավնաձորի ծերատուն-պանսիոտատի գործունեությունը 1 ամիս անց դադարեցված է, շենքը դատարկվել է շահառուներից, սպասարկող անձնակազմը մեկ ամիս ածխատելուց հետո՝ հուլիսի 2-ից լքել է տարածքը: Այս պահի դրությամբ օդում կախ է մնում պանիսնոատի կարգավիճակը, որը դեռ նոր-նոր պիտի ամրագրվեր ԱՆ պետռեգիստրում՝ որպես Նորքի տուն-ինտերնատի պանսիոնատային մասնաճյուղ:

Հատկանշական է այս ամենի շուրջ 16 օր շարունակ տեղի ունեցող պրոցեսների ֆոնին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Բաթոյանի սառնասրտությունը: Ստեղծված իրավիճակի թիվ 1 պատասխանատու սոցապնախարարությունը լուռ է անգամ այն բանից հետո, երբ առողջապահության նախարարության  Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից ու բացառապես այս կենտրոնի ղեկավարի անմիջական վերահսկողությամբ հունիսի 26-ին տրվել է թունավորման մասին հաստատող  պաշտոնական եզրակացությունը, իսկ Ոստիկանությունը դեպքից 16 օր անց՝ մեր  համառ հրապարակումներից հետո, վերջապես ընդունում է, որ այո, առերևույթ առկա են հանացագործության հատկանիշները մատնանշող բավարար հիմքեր քրգործ հարուցելու համար:

Ի դեպ, նախարարը հենց թունավորման դեպքի հաջորդ օրը ժամանակ է հատկացրել երևանյան փողոցներում շրջելու, կամերաների առաջ անցորդներին դիմակ բաժանելու քաղաքական ակցիայի համար, նա պարբերաբար ժամանակ է գտնում նաև ֆեյսբուքում սեփական  ոլորտին չառնչվող գրառումներ կատարելու-տարածելու համար, բայց իր պաշտպանության տակ գտնվողների հետ կատարվածի մասին չի  գտել ժամանակ կամ չի ցանկացել որևէ հաղորդում տարածել: ԻՆչո՞ւ․ այս միտումի մասին հուսանք կպարզի իրավապահների քննությունը:

Ակնկալվում է, որ այս գործի քննությւոնը կվարի Հատուկ քննչական ծառայությունը: Պետք է  հաշվի  առնել թունավորման պատճառ դարձած մատակարար «Էպիկուր» ՍՊԸ-ի կողմից՝ ՍԱՊԾ սննդի շղթայի օպերատորների ցանկում  գրանցված չլինելու և  այս հակաօրինական փաստը շրջանցելով՝ պետգնումներում այս ընկերությանը խցկելու բոլոր հանգամանքները։ Հարկ է ուսումնասիրել այս ընկերության հետ մատակարարման գործարքի հիմքերը՝ մրցակցային պայմանների ապահովման տեսանկյունից,  մեկ անձից գնումով իրականացրած ծախսերի և դրանց նպատակահարմարության, արդյունավետության հիմքերը:

Նշենք, ՀՀ ՔրՕր Հոդված 279 –ը առնչվում է՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելուն կամ իրացնելուն կամ ծառայություններ մատուցելուն: (վերնագիրը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն)

  1. Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը կամ նշված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների՝ անվտանգության պահանջներին համապատասխանությունը հավաստող պաշտոնական փաստաթղթերն ապօրինի հանձնելը կամ օգտագործելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ վնաս են պատճառել մարդու առողջությանը՝

Ի՞նչ պատիժ է ենթադրում հոդվածը.

Պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-400 պատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

  1. Նույն արարքները, որոնք՝

1) կատարվել են մանկահասակների համար նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների կապակցությամբ,

2) անզգուշությամբ վնաս են պատճառել 2 կամ ավելի անձանց առողջությանը,

3) անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 300-500 պատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

  1. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ 4-10 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3տարի ժամկետով կամ առանց դրա:

 

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ