18 04 2020

Ինչո՞վ է զբաղված հակառուս պատգամավոր Բաբաջանյանը Ռուսաստանից հայերի տեղափոխման գործում

Ինչո՞վ է զբաղված հակառուս պատգամավոր Բաբաջանյանը Ռուսաստանից հայերի տեղափոխման գործում

Աշխարհի բազմաթիվ երկրներ միմյանց հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը դադարեցրել են՝ կապված կորոնավիրուսի վտանգներով, ինչը խնդիրներ է ստեղծում քաղաքացիների համար: Հայաստանն ունենալով տարբեր երկրներում զբոսաշրջիկներ, արտագնա աշխատանքի մեկնածներ, բախվել է խնդրի, որոնցից ամենամեծը Ռուսաստանի հետ է՝ հասկանալի պատճառներով:
Մարտի 30-ից ՌԴ իշխանությունը, պանդեմիայով պայմանավորված, դադարեցրեց օդային հաղորդակցությունը: Այնտեղ տարբեր նպատաներով գտնվող մեր հայրենակիցների մի մասը վերադարձվեց, որոշներն էլ, որոնք ցանկանում են վերդառնալ, բախվել են խնդիրների հիմնականում օդային հաղորդակցության բացակայության, ֆինանսական  պատճառներով: Խոսքը շուրջ 5 հազար քաղաքացու մասին է, որոնցից 100-ից ավելին գիշերում է օդանավակայանում, մի մասը՝ հյուրատներում, Լարսում և այլն:

ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը կազմակերպում է օգնություններ՝ գործարարների հետ համագործակցաբար, արտգործնախարարությունը, հյուպատոսարանները, ռուսական կողմը, համայնքը, եկեղեցին մշտական կապի մեջ են, համագործակցում են խնդրին լուծումներ գտնելու համար: Խնդիրը միայն Հայաստան տեղափոխելը չէ, կան գործազուրկներ, անօթևաններ, որոնք բոլորն օգնության կարիք են զգում: Աշխատանքներն ընթանում են դանդաղ, քաղաքացիները հուսահատության մեջ են: Եվ հենց այս ընթացքում, երբ դեռևս շատ են փաստի առաջ կանգնած՝  կացության կարգավիճակ չունեցող մեր քաղաքացիները, նաև հանդես են գալիս մարդիկ, որոնք պանդեմիայի այս պայմաներում բոլորովին ուրիշ բաների մասին են մտածում՝ հեղինակություն վաստակելու, քաղաքական դիվիդենտներ շահելու, բարի համբավ ձևավորելու՝ մեր հուսահատ քաղաքացիների հաշվին:

Մասնավորապես, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը վերջին մի քանի շաբաթում իրեն ինքն իրեն մտցրել է, որքանել որ տարօրինակ չէ, Ռուսատան-Հայաստան պաշտոնական և գործընկարերային հարաբերությունների դաշտ ու ինչ-որ անհասկանալի գործառույթ է վերագրել իրեն:

Պատգամավորը սկսեց պարբերաբար ֆեյսբուքյան ուղերձներով հայտարարել, իբր մի քանի շաբաթ ներգրավված է եղել հայրենակիցներին Ռուսատանից հայրենիք տեղափոխելու գործընթացում՝ համարյա տպավորություն ստեղծելով, որ ինքն է այդ ամբողջ գործընթացի շարժիչ ուժը։ Անորոշության մեջ հայտնված քաղաքացիների համար պաշտոնական և օպերատիվ կապը սակայն ՀՀ ԱԳՆ-ի ու ՌԴ-ում դեսպան Տողանյանի հետ է: Պատգամավորն իր ջանքերն է ընդգծում՝ իբր իր «հանձնարարությամբ է» դեսպանատունը հայտնաբերում կարիքավոր հայերին և հոգում սննդի և այլ հարցեր: Օրնիբուն ցուցադրաբար լայվով պատմում է իր «տիտանական ջանքերի» ու իբր ազգանվեր գործի մասին, մանրամասնում է, թե ինչպես է տանջահար դես ու դեն է նետվում, որ օգնի փրկվել ՌԴ-ում ճահճացած վիճակից: Պատմում է, թե զանգեր է անում, կապեր է միջնորդում ՌԴ-ում հայ փողատերերի հետ, որ անօթևան մնացածներն այս ընթացքում չմնան սոված, անգործ և այլն: Եվ այս ամբողջ «տիտանական աշխատանքը»  խղճահարված  պատգամավորը մատուցում է իբրև հաշվետվություն, չգիտես ինչու:

Տեղեկություններ կան, որ ՌԴ-ում բնակվող հայ փողատերերին է դիմում Բաբաջանյանը՝ դրամներ հավաքագրելու համար՝ իբր օգնում է հայրենիք վերադառնալ ցանկացողերին, մինչդեռ պաշտոնական օղակներում նրա հավաքագրած գումարների ծախսից տեղեկություներ չկան: «Տաշիր» բարեգործական հիմնադրամի անունն է անձամբ հնչեցնում Բաբաջանյանը՝ իր լայվում, ևս մեկ հայ միլիոնատիրոջ մասին է նշում, իբր անձամբ է միջնորդել և որ օգնում են փողով, բայց ո՞ւր են այդ փողերը, ի վերջո որտեղ են ծախսվում դրանք, հայտնի չէ:

««Տաշիր» հիմնդրամը մեր դոնորներից է և հիմնադրամի հետ համաձայնեցված է այս փուլում նրանց նվիրատվությունների մի մասը ծառայեցնել «COVID 19» դեմ պայքարի միջոցառումներին, շնորհիվ որի 60 անձանց, ովքեր գումար չունեն, հիվանդ են, ծեր են կամ խոցելի այլ խմբերից, օգնեցինք տոմսերի հարցում, որպեսզի տեղափոխվեն Հայաստան: Սակայն առանձին  դոնորների հետ զուգահեռ գործընթացների կամ դրամների հավաքագրման մասին, ես տեղյակ չեմ և դա իմ գործառույթի մեջ չի մտնում»,-Yerevan.Today-ին փոխանցեց Հայաստան հաամահայկական հիմադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը՝ըստ էության հերքելով Բաբաջանյաի «ջանքերը»՝ Տաշիրի հետ գործակցության մասով:

Ինչ վերաբերում է Արման Բաբաջանյանի դերակատարմանը այս գործընթացում, պարոն Արշամյանը նշեց, որ կատարել է խորհրդատվական գործառույթ:

ԱԳՆ-ն պաշտոնապես որևէ հանձնառություն կամ միջոցառում չկարողացավ հիշատակել, որտեղ առանձին դերակատարում ունեցած կլիներ պատգամավոր Բաբաջանյանը, տեղյակ էին թերևս նրա լայվային ուղերձներից:

Իսկ ՌԴ-ում մեր դեսպան Վարդան Տողանյանը չթաքցրեց, որ առանձին անհատներին, պատգամավորների և հայաստանյան գրասենյակների մեր հայրենակիցների դիմելը, և այս խողովակով ցուցակագրված պահանջները կրկին դեսպանատուն վերադարձնելը իսկական քաոսի են վերածում ԱԳՆ համակարգած ողջ աշխատանքը ու ավելորդ բարդություններ է ստեղծում:

«Բանն այն է, որ թռիչքի սպասող նույն 5 հազար հոգին արդեն իսկ մեկից ավել անգամ իր պահանջով դիմել էր դեսպանատուն և ստացել էր պատասխանը: Բայց երբ տեսնում է, որ իր պահանջը լսողներ կան.․. Մենք այս 17  օրերին վերլուծելով մեր աշխատանքը, եկանք այն եզրահանգման, որ իրական դիմողների 8% -ն է մեկ պատուհանից դիմել, ստացել է իր պատասխանը և սպասում է, կամ մերժվել է և այլևս չի սպասում, մնացած 92 տոկոսը տարբեր միջնորդություններով են փորձել խնդրին լուծում տալ՝ եկեղեցուն դիմելով, Հայ Դատի, ՌԴ-ի կամ Հայաստանի բարերարների, պատգամավորների միջոցով, կամ լրագրողների: Արդյունքում խաբկանք է լինում, սրտաճմլիկ պատմություններով ավելորդ անգամ հույսեր ու սպասումներ են ձևավորվում, ավելորդ աշխատանք է տարվում մեր կողմից, նորից նույնականացվում են այս դիմումատուները, նորից ռեսուրսների վատնում և ժամանակատար պրոցես և այլն, ինչը խիստ անցանկալի է այս փուլում, քանի որ մեր սակավաթիվ թիմով ամենօրյա գերբեռնված ռեժիմով ենք աշխատում: Մենք որպես ԱԳՆ ստորաբաժանում, կարողացանք այստեղ՝ ՌԴ-ում ինանքկազկերպվել այնպես, որ տարբեր կենտրոններից ուղղվող աջակցությունը ճիշտ ժամանակացույցով և հավասարապես բաշխենք, մեզ մնում է միայն Հայաստանից օգնող ձեռքերի աշխատքը կանոնակարգված լինի, որպեսզի ռեսուրս չվատնենք, նաև մեր քաղաքացիները չտուժեն, ինչը հաճախ լինում է ոչ ճշգրիտ տեղեկատվության պատճառով»,- ասում է Տողանյանը:

Ու հենց այս պայմաններում Արման Բաբաջանյանի գործունեությունն ավելի շատ խանգարում է, նա մինչ այժմ խոսելուց բացի ոչնչով աչքի չի ընկել: Ավելին․ նա լրջորեն վնասում է հայրենակիցներին օգնելու ջանքերին: Արդեն նշեցինք, որ օգնության կարիք ունեցող հայրենակիցների մեծ թվի պատճառով դանդաղ են ընթանում աջակցության գործընթացները: Եվ քաղաքացիները, որոնք դադարում են վստահել իշխանությանը, սկսում են հավատալ կողքից այլ նպատակներով գլուխ բարձրացրածներին: Իրականում պատգամավորի ամեն լայվն ինքնաբերաբար լուրջ վտանգ է սպառնում իրեն հետևող հայրենակիցների համար, զուտ այն պատճառով, որ ոչ միշտ են նրա հայտարարությունները հիմնավորված և պաշտոնական օղակով հաստատված տեղեկություն:

Եվ այդ ընթացքից ջանքեր են ձախողվում, մարդիկ թողնում են դեսպանատան ու ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրությունները և ընկում են թյուրիմացության մեջ, քանի որ նրանց համար համոզիչ են դառնում պատգամավոր Բաբաջանյանի ինքնագովազդի լայվերը: Արդյունքում բացի այն, որ հորինվում են կեղծ մարդասիրական պատմություններ՝ հանուն պատգամավորի վարկանիշը բարձրացնելու, տուժում են մեր հարենակիցները:

Բաբաջանյանի սին խոստումներից հետո ՌԴ հեռավոր քաղաքներից մարդիկ հազարավոր կիլոմետրեր կտրում-հասնում են Մոսկվա, օրերով գիշերում են Դոմոդեդովոյի օդակայանում՝ հույսով, որ հենց ինքնաթիռը գա՝ առաջնահերթ իրենք կտեղափոխվեն Երևան:

Իսկ որքանո՞վ է Արման Բաբաջանյանը հաշվարկում իր ելույթի հետևանքները, ինչու՞ է մարդկանց անիմաստ հուսադրում և կուտակումներ առաջացնում օդանավակայանում, այն դեպքում, երբ չկա պայամանվորվածություն, չկան հստակ նախանշված թռիչքի ժամկետներ: Ի՞նչ իրավունքով է այդքան անփութորեն վարվում պատգամավորը մարդկանց ապրումների ու անվտանգության հետ, չէ՞ որ հենց օդանավակայանում այս մարդկանց վարակվելու ռիսկն արդեն իսկ մեծ է: Ի դեպ, ՀՀ դեսպանատունը կոչ է արել մեր հայրենակիցներին՝ վարակի մեծ օջախ չստեղծելու նկատառումով լքել օդակայանի տարածքը և չխախտել ՌԴ կառավարության կողմից իրականացվող առողջապահական անվտանգության միջոցառումները:  

Արմանն Բաբաջանյան իր լայվերի ընթացքում մեծ-մեծ պատմում է չվերթների կազմակերպման հարցում իր մեծ ջանքերի մասին, նույնիսկ մոտավոր ժամկետներ է նշում, այնինչ թռիչք իրականում նախատեսված չէ

Հենց երեկ Բաբաջանյանի խոստումներից տուժած տարեց այր ու կին էին գիշերում օդանավակայանում, նրանք Ուֆայից էին եկել մեկ շաբաթ առաջ, որովհետև հավատացել էին Արման Բաբաջանյանին ու հիմա անորոշության մեջ են, դեսպանատունն է զբաղվում տարեց ամուսինների կացության պայմանների ապահովման հարցով: Ի դեպ, նույն անհեթեթ միջամտություն է դրսևորվել օրեր առաջ՝ Լարսի անցակետում, քանի որ Արման Բաբաջանյանը, որոշել էր հավաքել ՌԴ-ն մի խումբ հայրենակիցների և Վրաստանով տեղափոխել Հայաստան, ըստ ամենայնի՝ առանց դրա պաշտոնական երաշխիքները ստանալու: Այս տհաճ միջադեպերից ու նոր քաոսային վիճակից խուսափելու համար, ասում են, պաշտոնական օղակներով քանիցս նախազգուշացվել է Արման Բաբաջանյանին, սակայն անպտուղ միջնորդություններից հետո ՀՀ դեսպանը ստիպված հայտարարություն է տարածել՝ խստիվ պահանջելով, որ Երևան մեկնել ցանկացողները հետևեն բացառապես ՌԴ-ում ՀՀ դեսպանատան պաշտոնական հաղորդագրություններին՝ ընդգծելով, որ բարձրացվող հարցերը հասցեագրվեն բացառապես դեսպանին:  

Իրականում ի՞նչ մղումներով է ՌԴ-ն հետ բածված այս թեմայում ինքնառաջադրվել հենց նա, ով հանդիսանում է, ըստ տեղեկությունների, արևմուտքից ֆիանսավորվող «Ժամանակ» թերթի և 1in.am լրատվամիջոցների սեփականատեր-խմբագիրը, ում տասնյակ տարիներ ընթերցողը ճանաչում է որպես հակառուսական ակտիվ քարոզչության ջատագով, հակառուսական տրամադրությունների ստեղծող պատգամավոր և մարդ, որի անունը հրապարակվել է անգամ «Վիկիլիքսի» բացահայտված շտեմարաններում՝ որպես ԱՄՆ գաղտնի հետախուզության գործակալ: Ի՞նչ խոսք, հենց այս նկատառումով վստահաբար նրա շարժը տնտղում են հատուկ ծառայություններից, հետևում են Բաբաջանյանի ցուցաբերած ավելորդ ակտիվությանը, սակայն ցավն այն է, որ զուգահեռաբար նա շարունակում է ֆեյսբուքով իր շուրջը համախբել ՌԴ-ից տեղափոխվել ցանակացողներին՝ փաստացի որևէ կարգի օգնություն այդպես էլ չցուցաբերելով:

Մեզ հետ մասնավոր զրույցներում կառավարական որոշ օղակներից համենայն դեպս չթաքցրեցին, որ խիստ զայրացած են Բաբաջանյանի վարքագծից ու որ տուժել են նրա լայվային անհիմն հայտարարություններից: Տարակուսած և զայրացած են նաև Ռուսաստանաբնակ մեծահարուստները, չեն հասկանում թե իրենց ինչու պետք է զանգի ինչ-որ պատգամավոր, այլ ոչ, ասենք, պաշտոնական և կոմպետենտ դեմքեր։

Ինչևէ, պատգամավորը, որը նախկինում խմբագիր էր և համացանցը հեղեղում էր իր «ցնցող» տեղեկություններով, իսկ իրականում՝ ստի և կեղծիքի մեծագույն դոզա պարունակող նյութերով, այսօր այդ նույն «տաղանդն» օգտագործում է արդեն այլ ոլորտներում՝ չխորշելով խաղալ սովորական մեր աշխատավոր հայրենակիցների դժվարություննի հետ, ձեռքի հետ էլ փչացնելով հայ-ռուսական պաշտոնական և գործարար կապերը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ