14 01 2021

Արհավիրքը նպաստել է Կովիդ-19-ի հարցում արցախցիների զգոնության թուլացմանը. ԱՆ

Արհավիրքը նպաստել է Կովիդ-19-ի հարցում արցախցիների զգոնության թուլացմանը. ԱՆ

2020թ. սեպտեմբերից Արցախին պատուհասած արհավիրքը, իր բոլոր հետևանքներով հանդերձ, որոշակիորեն նպաստեց նաև հակահամաճարակային կանոնների պահպանության հարցում քաղաքացիների զգոնության թուլացմանը: Այս մասին հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

«Պատերազմին զուգահեռ Արցախը փորձում էր դիմակայել նաև համընդհանուր չարիք դարձած COVID-19 կորոնավիրուսին, որի ընթացքում հասկանալի պատճառներով վիրուսի տարածման կանխարգելումը քիչ արդյունավետություն և վերահսկելիություն ուներ, այդ պատճառով բացառված չէ, որ կային մի շարք վարակակիրներ, ովքեր հաղթահարել են հիվանդությունը առանց բժշկական միջամտության, սակայն նրանցից տարածվող վտանգը շարունակվում է պահպանվել:

Թեև Արցախում ստեղծված իրադրությունն ու հանրության հոգեբանական վիճակը հաճախ երկրորդ պլան է մղում սեփական առղջությունը պահպանելու իրավունքի և այլոց առողջության համար վտանգ ստեղծելուց զերծ մնալու պարտականության պատշաճ կատարումը, այդուհանդերձ խնդրում և հորդորում ենք ցուցաբերել բարձր պատասխանատվություն, պահպանել օրինապաշտ ու պայքարող արցախցու անքննելի կերպարը և միահամուռ ուժերով լծվել մեր ծնողների, տատիկների ու պապիկների, խոցելի խմբում գտնվող մեր համերկրացիների կյանքին ու առողջությանը իրական վտանգ ներկայացնող այդ չարիքի դեմ պայքարին:

Այս գերագույն նպատակին հասնելու համար վարակակիր լինելու նախանշանների առկայության դեպքում ընդամենը անհրաժեշտ է հետևել ստորև բերված պարզագույն կանոններին.

-Մնացե՛ք տանը
-Մեկուսացվե՛ք տան մյուս անդամներից
-Զանգահարե՛ք բժշկին՝ նախքան նրան այցելելը
-Կրե՛ք բժշկական դիմակ՝ եթե ցուցված է
-Փակե՛ք բերանը և քիթը՝ փռշտալիս և հազալիս
-Հաճախակի լվացե՛ք ձեռքերը
-Առանձնացրե՛ք տնային պարագաները
-Հյուրեր մի՛ ընդունեք
-Լվացքի համար ապահովեք ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան
-Հերմետիկ փակեք աղբամանը
-Հետևեք ախտանշանների զարգացմանը (ջերմություն, հազ, շնչառության դժվարացում, հարբուխ, կոկորդի ցավ)

Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում և հորդորում ենք հետևել ինքնամեկուսացման խորհուրդներին, չվտանգել Ձեր և Ձեր մտերիմների առողջությունը»,- ասված է նախարարության տարածած հայտարարությունում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ