Ռուսաստանը 50 երկրների հետ քննարկում է կորոնավիրուսի դեմ իր պատրաստած պատվաստանյութի մատակարարումը: Այս մասին Ռուսաստանի առաջին ալիքի եթերում հայտարարել է Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլլ Դմիտրիևը, գրում է РИА Новости գործակալությունը:
Դմիտրիևը նշել է, որ Ռուսաստանը դեռևս կարող է արտադրել «միայն որոշակի քանակությամբ» դեղամիջոց, ուստի հիմնադրամը համագործակցում է սահմանափակ քանակով երկրների հետ:
«Մենք աշխատում ենք 50 երկրի հետ: Կենտրոնացած ենք 20-ի վրա, դրանցում մենք լուրջ առաջընթաց ենք գրանցել»,-ասել է Դմիտրիևը:
Նա ավելացրել է, որ շատ երկրներում սկսվում են ռուսական պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Այն կարող է կարգավորման հաստատում ստանալ հոկտեմբերին կամ նոյեմբերին:
«Ուստի մենք կենտրոնանում ենք այն երկրների վրա, որոնք շահագրգռված են արագորեն հաստատել ռուսական պատվաստանյութը և որոնք զգալի հետաքրքրություն են ցուցաբերում Ռուսաստանի հետ գործընկերության ոլորտում»,-բացատրել է Դմիտրիևը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը