Եկեք առնվազն լրջանանք, որովհետև այս ամենն ինչ տեղի է ունենում, տևելու է շատ երկար։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Ինձ համար անահասկանալի է այս ամենը կատակի վերածելը կամ սրամտելը, դա ինձ շատ է հիասթափեցնում։ Մենք ինչի՞ վրա ենք սրամտում, որ մենք այս կամ այն սահմանափակումը, միեւնույն է, չենք անելու եւ, միեւնույն է, մենք շատ հիվանդանալու ենք, միեւնույն է, մենք շատ մահեր ենք տալու, դրա ենք սրամտո՞ւմ։ Մենք կարող ենք մեր ներքին քննադատությունը զարգացնել եւ փորձել այդ ամենն իրագործել նույնիսկ եթե դա այդքան էլ սովորական չէ մեզ համար»,- ասաց նախարարը։
Արսեն Թորոսյանը հայտնեց, որ քաղաքացիները պետք է վերադառնան ոչ թե առօրյա կյանքին, այլ ստեղծեն նոր առօրյա.
«Այսօր աշխատանքային հեռավար քննարկման եմ եղել՝ աշխարհի 6 երկրների հետ։ Մենք փոխանակվեցինք փորձով, բոլորի մոտ էլ նույն վիճակն է. մի տեղ քիչ դեպքեր, մի տեղ՝ շատ։ Վերջում ամփոփիչ նոտա եղավ, որ եթե նույնիսկ հայտնաբերվի այս հիվանդության դեղամիջոցը կամ պատվաստանյութը, միեւնույն է, կորոնավիրուսային համավարակի վերջը հնարավոր է տեսանելի լինի ոչ շուտ քան 5 տարի հետո»։
Նախարարը նշեց, որ լինելու են փոփոխությունների, որի մասին ինքը կհայտնի։
Նա նշեց՝ որպեսզի մենք կարողանանք մեր նոր վաքագծի կանոնները շարունակել կիրառել եւ դրա համար ունենալ պատասխանատվության միջոցներ, անհրաժեշտ է արտակարգ դրության իրավական ռեժիմը։
«Արտակարգ դրություն թողնելն ինքնանպատակ չէ, մեր հակահամաճարակային գործողությունների համար հիմք է, առանց որի այս պահին չենք կարող շարունակել։ Այս պահին այդ դրության շարունակությունը հրամայական է»,- ասաց նա։
Թորոսյանը նաև նշեց՝ Առողջապահության նախարարությունում կորոնավիրուսի մեծ բռնկում դեռեւս չկա։
«Թեստավորումները ցույց են տվել, որ դեռւես մեծ բռնկում չկա Առողջապահության նախարարությունում, բայց մենք՝ սերտ շփումներ ունեցողներս պետք է նվազագույնի հասցնենք շփումները, ավելի խիստ հետեւենք կանոններին, ինքնամեկուսանանք։ Դրանցից մեկն եմ նաեւ ես, ռիսկի գոտում եմ»,- նշել է նա։
Նախարարը հայտնել է, որ շարունակում է աշխատել հեռահաղորդակցության միջոցներով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը