01 04 2020

Եթե տեմպը պահպանվի, ապրիլի 7-ին կլինի 1000 դեպք, ապրիլի 14-ին՝ 2000․ Թորոսյան

Եթե տեմպը պահպանվի, ապրիլի 7-ին կլինի 1000 դեպք, ապրիլի 14-ին՝ 2000․ Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա կարող ենք անել «մենք բոլորս»:

Կից նկարներում մեր և տարբեր երկրների կորերն են, որոնք ցույց են տալիս կորոնավիրուսով վարակի դեպքերի կրկնապատկման արագությունը: Երկրները այս ընթացքում տարբեր արագություններ են ունեցել 2-ից մինչև 10 օր: Մենք այս պահին գտնվում ենք 7-օրյա տեմպի տակ: Այսինքն մեր դեպքերը կրկնապատկվում են յուրաքանչյուր 7 օրը մեկ անգամ: Այդպիսի տեմպ որպես օրինակ ունի նաև Ճապոնիան:

Հիմա, եթե ենթադրենք, որ այս տեմպը պահպանվում է, ապա մենք ապրիլի 7-ին կունենանք մոտ 1000 դեպք, ապրիլի 14-ին՝ 2000 և այդպես շարունակ: Եվ մեր բոլորիս խնդիրն է այնպես անել, որ այդ տեմպը գնալով դանդաղի, որպեսզի մենք ունենանք սկզբի համար ուղիղ այնքան նոր դեպք, որքան կունենանք առողջացած պացիենտ, իսկ հետո ավելի քիչ նոր դեպք, քան առողջացած պացիենտ:

Եթե տեմպը պահպանվի ու օրինակ չդառնա Հարավային Կորեայի նման հարթ, ապա մենք ստիպված ենք լինելու թեթև ընթացքով կամ առանց սիմպտոմներով պացիենտներին «բուժել» տանը, ինչպես անում են շատ երկրներ` պարզապես այլ ելք չունենալով: Չեմ կարծում, թե դա մեր կողմից ցանկալի սցենար է, քանի որ առողջապահական համակարգը, ներառյալ դրա` հատուկ կորոնավիրուսի համար ծավալվող հատվածը կկարողանա այդ բեռը տանել: Ի դեպ որևէ երկրի առողջապահական համակարգ չի կարող այդ բեռը կրել:

Եվ հենց վերոգրյալի համատեքստում է կարևոր մնալ տանը և խստորեն պահպանել ինքամեկուսացման ցուցումները` այդ թվում վարչական պատասխանատվության ռիսկից դրդված:

Հենց այս ամենի համար է կարևոր, որպեսզի մենք այս կամ այն եղանակով արձանագրենք այդ խախտումները և վերադարձնենք մարդկանց իրենց ինքնամեկուսացման վայր: Դա ինքնանպատակ չէ, այլ ուղիղ ազդող գործիք վարակիչ հիվանդության տարածման տեմպի վրա:

Այն ինչ արվում է այսօր Հայաստանի առողջապահական համակարգի կողմից, տասնապատիկ ավելին է քան կարելի է սպասել տարիներ ի վեր առողջապահության վրա ՀՆԱ-ի 1.5% պետական ծախսերով երկրի առողջապահական համակարգից և միայն արդյունք է բուժաշխատողների, ինչպես նաև մեր այլ գերատեսչությունների աշխատակիցների անձնվիրական ծառայության:

Սակայն միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա պետք է անենք «մենք բոլորս»:

#ՄնաՏանը #ԿոտրիրՏեմպը #ՀարթեցրուԿորը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ