Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը կոչով դիմել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին: Կոչում ասվում է.
«Հարգարժան պարոն Սահակյան,
Ձեր լիազորոթյունների ժամկետը մոտենում է ավարտին և շուտով Դուք կազատվեք երկրի նախագահի պատասխանատվության ծանր բեռից, սակայն այդ պահը դեռ չի եկել: Քանի դեռ ընտրությունները և նոր նախագահի երդման արարողությունը չեն կայացել, Դուք եք պատասխանատու երկրի անվտանգության, պետության քաղաքացիների առողջության և կյանքի համար: Այս իրավիճակում, երբ ամբողջ աշխարհում ուժգնանում է կորոնավիրուսի տարածումը, անհրաժեշտ է ձեռնարկել որոշակի հստակ և շատ ակտիվ գործողություններ: Այս պնդման համար հիմք են հանդիսանում մեր և արտերկրի մասնագետների կողմից իրականացված վերլուծությունը։
Ներկայացնում եմ Ձեզ վերլուծության հակիրճ բովանդակությունը:
Փետրվարի վերջին վարակման դեպքերի կտրուկ աճ է գրանցվել Եվրոպայում, Ասիայում և Մերձավոր Արեւելքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը ճանաչել է պանդեմիա: Այսօր կորոնավիրուսի էպիկենտրոն են հանդիսանում Իրանը, Իտալիան, Իսպանիան և Եվրոպայի մեծ մասը: Մահվան դեպքերը, ցավոք, հասնում են հազարների և ԱՀԿ-ի կանխատեսումները խիստ անհանգստացնող են. Նշված երկրներում սկսվում է պանդեմիա, որի զարգացումն անխուսափելի է:
Կորոնավիրուսի տարածման առանձնահատկությունները՝
վարակը արագ է փոխանցվում․ այն կարող է փոխանցվել վարակակիրի հետ որոշ հեռավորության վրա գտվելու դեպքում՝ առանց անմիջական շփման,
տարածվում է էքսպոնենցիալ կերպով. հիվանդների թիվը բազմապատկվում է յուրաքանչյուր 6-րդ օրը,
ինկուբացիոն շրջանը տևում է 14 օր․ երկու շաբաթ մարդը կարող է վարակակիր լինել, սակայն չիմանալ այդ մասին։
Սակայն առավել կարևոր է տարբեր տարիքային և սոցիալական խմբերի վրա վիրուսի ազդեցության առանձնահատկությունների բացահայտումը, մասնավորապես ամենախոցելի խմբերի, որոնց պարագայում արձանագրվում են մահվան ելքեր:
Առաջինը՝ կորոնավրուսը առավել վտանգավոր է տարեց բնակչության համար:
Կորոնավիրուսից մահվան դեպքերը կախված տարիքից՝
0-9 տարիքային խմբում՝ 0%
10-39 տարիքային խմբում՝ 0.2%
40-49 տարիքային խմբում՝ 0.4%
50-59 տարիքային խմբում՝ 1.3%
60-69 տարիքային խմբում՝ 3.6%
70-79 տարիքային խմբում՝ 8%
80+ տարիքային խմբում՝ 14.8%
(Եզրահանգումները հիմնված են հիվանդության 72 314 դեպքերի ուսումնասիրության վրա)
Երկրորդը՝ կորոնավիրուսը առավել վտանգավոր է այն մարդկանց համար, ովքեր ունեն հետևյալ առողջական խնդիրները՝
* սրտանոթային հիվանդություններ, հիպերտոնիա (մահացությունը՝10,5%),
* շաքարային դիաբետ (7,3%),
* քրոնիկ հարբուխային հիվանդություններ(6,3%),
* ուռուցքներ (հստակ տվյալներ չկան)։
Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն բանի վրա, որ իմ տեղեկությունների համաձայն, Իտալիայում և Իսպանիայում ներդրվել է «ռազմական բժշկության» հատուկ ռեժիմ՝ փրկում են նրանց, ում հնարավոր է փրկել: Պետական մակարդակով որոշում է կայացվել չփրկել հատուկ ռիսկային խմբերին ՝ քրոնիկ հիվանդություններ ունեցող տարեցներին։ Դա նշանակում է, որ նույնիսկ եվրոպական զարգացած երկրների առողջապահական համակարգը չի կարողանում փրկել կամ գոնե օգնություն ցուցաբերել բոլոր հիվանդներին։ Այսինքն, իրավիճակը շատ լուրջ է:
Հայաստանում մարտի 14-ի դրությամբ գրանցվել է վարակման 20 դեպք: Նույն ժամանակահատվածում Իրանում վարակվածների թիվը կազմել է 11 364 մարդ, մահացածների թիվը հասնում է 514-ի: Փաստացի առկա է ԱՀ վարակի ներթափացնման հնարավորությունը, և դա արհամարհելը անհեռատես է և վտանգավոր։
Ըստ իս, Արցախի համար իրավիճակը կրիտիկական է, քանի որ պաշտոնական վիճակագրության համաձայն հանրապետության բնակչության 18%-ը 60 տարեկանից բարձր է: Նրանց մեծ մասը առողջական խնդիրներ ունի: Խոսքը տասնյակ հազարավոր մարդկանց մասին է, որոնք գտնվում են ռիսկային խմբում: Մենք պարտավոր ենք թույլ չտալ, որ կորոնավիրուսը ներթափանցի Արցախ և պատրաստ լինենք այն վայրկյանապես կանխել:
Սակայն, այս պահին երկրի պատրաստվածությունը մոտ է զրոյականի, և դա մեր երկրի ազգային անվտանգության համակարգի կառավարման ուղղակի հետևանքն է: Ենթադրում եմ, որ այս իրավիճակը կարող է կապված լինել ոչ բավարար տեղեկացվածության հետ, քանի որ Արցախում իսկապես չկան մասնագետներ, համաճարակաբաններ, որոնք ունակ են օբյեկտիվորեն գնահատել իրավիճակը և պարզաբանել բոլոր ռիսկերը: Այս վերլուծությամբ ես լրացնում եմ այդ բացը եւ մեկ անգամ եւս հիշեցնում Ձեզ երկրի բարձրագույն պաշտոնատար անձի պատասխանատվության մասին՝ իր քաղաքացիների կյանքի եւ առողջության համար:
Կարծում եմ ՝ այս պահին Դուք, որպես գործող Նախագահ, պարտավոր եք մի շարք հրատապ միջոցներ ձեռնարկել, որոնք են՝
* Սահմանին ապահովել իրական, այլ ոչ թե ֆորմալ բժշկական վերահսկողություն. ջերմության պարտադիր չափում, հարցաթերթիկի լրացում՝ վարակվածների հետ հնարավոր շփման բացահայտման նպատակով:
* ԱՀԿ-ից պարզել գործողությունների փաթեթը, որը կօգնի բժիշկներին, որոնք բացահայտում, բուժում և մեկուսացնում են վարակվածներին:
* Երկիր հրավիրել համաճարակաբաններ և նրանց օժտել հատուկ լիազորություններով ՝ համաճարակաբանական իրավիճակի ինվենտարիզացիայի և բուժմանը պատրաստ լինելու համար:
* Ստեղծել կարանտինային գոտիներ, որտեղ հնարավոր կլինի անհրաժեշտության դեպքում մեկուսացնել հիվանդներին:
* Կազմակերպել վարակման պրոֆիլակտիկայի քարոզչության աշխատանքները, տարածել ԱՀԿ-ի խորհուրդները, վերահսկել դրանց կատարումը այնտեղ, որտեղ հնարավոր է:
* Դիմել Սփյուռքին հումանիտար օգնության կազմակերպման համար։
* Ձևավորել միասնական իրավիճակային շտաբ, որը կհակազդի կորոնավիրուսի տարածմանը՝ միջացոռումների համալիր ղեկավարումը կենտրոնացնելու նպատակով:
Վստահ եմ, որ խոհեմություն կցուցաբերեք և կմոտենաք հարցին ամենայն պատասխանատվությամբ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը