Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ օրական կտրվածքով շարունակվում է սուր շնչառական վարակների համաճարակաբանական դիտարկումը, որի արդյունքները փաստում են, որ հիվանդացությունն ունի աճման միտում:
Հիվանդացության աճ է գրանցվել ամբուլատոր պոլիկլինիկական, հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության և շտապ օգնության կանչերում։Սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության համաճարակաբանական մշտադիտարկումը շարունակվում է նաև դպրոցներում և նախադպրոցական կազմակերպություններում:
Այսօրվա տվյալներով` հանրապետությունում սուր շնչառական վարակներով բացակայությունը կազմել է 3,8%-ը: Եզակի կրթական կազմակերպություններում արձանագրվել են սուր շնչառական վարակներով բացակայության բարձր ցուցանիշներ:
Սուր շնչառական վարակների տարածումը կրթական հաստատություններում հնարավորինս բացառելու նպատակով այդ կազմակերպություններում՝ ներգրավելով շահագրգիռ կառույցների ներուժը, ուժեղացվել է «համաճարակային ֆիլտրը»: Արդյունքում՝ չի թույլատրվել 1894 (723-ը Երևանում, 1171-ը՝ մարզերում) երեխայի մուտքը կրթական հաստատություններ:
Հիշեցնենք, որ հանրապետությունում դեռևս շրջանառում են գրիպի Ա H1N1 ենթատեսակը և Բ տեսակը, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս):
Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը ԿՐԿԻՆ հիշեցնում և հորդորում է.
պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա,
խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
հագնվե´ք եղանակին համահունչ,
պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
հետևե´ք անձնական հիգիենային։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը