03 02 2020

Թոքաբորբ ունեմ, հրաժարվում են տեստ անել․ Չինաստանից վերադարձած հայ․ News.am

Թոքաբորբ ունեմ, հրաժարվում են տեստ անել․ Չինաստանից վերադարձած հայ․ News.am

News.am-ը գրում է․ «Չինաստանի Գուանչժոու քաղաքից փետրվարի 1-ին Հայաստան ժամանած Գագիկ Բարսեղյանը, որ թոքաբորբ ախտորոշմամբ 3-4 օր է` Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում է, ահազանգում է, որ հրաժարվում են իրեն կորոնավիրուսի տեստ անել` պատճառաբանելով, որ վիրուսի բռնկման օջախի քաղաքից` Ուհանից չի եկել եւ հիվանդությանը բնորոշ լուրջ ախտանիշներ չունի:

«5 ամիս Գուանչժոում ենք եղել, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը հաշվի առնելով՝ կնոջս հետ վերադարձել ենք Հայաստան։ Մինչ գալս վատառողջ էի, ստուգվել եմ այնտեղ, ասացին` վիրուս չա, բայց երբ հասանք Հայաստան, առաջարկեցին բերել մեզ Նորքի հիվանդանոց, մենք հրաժարվեցինք, հաջորդ օրը առավոտյան եկան, ջերմություն չափեցին, ես ջերմություն ունեի, տարան հիվանդանոց, ասեցին` թոքաբորբ ունեմ: Ոչ մի տեղեկություն չունեմ մնացած անալիզների պատասխաններից: Հիմա էլ տեստերը ստացել են, բայց մեզ տեղեկացրին, որ տեստ չեն անցնակցնի, քանի որ Ուհանից չենք»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց նա:

Գագիկ Բարսեղյանի խոսքով` թե՛ ինքը, թե՛ Չինաստանից ժամանած մյուս հայերը մտավախություն ունեն, որ հնարավոր է` ճանապարհին վարակված լինեն կորոնավիրուսով․ «Մեր պես լիքը հայ քաղաքացիներ վախենում են` գաղտնի շրջանում լինեն, չիմանան: Չենք կարողանում շփվել մեր հարազատների հետ, որովհետեւ հնարավոր է չիմանանք, տարածենք, մյուսներին էլ վարակենք: Մի տեսակ չեմ հասկանում մեր նախարարության լոգիկան. ուրիշ երկրներում մարդկանց պահում են կարանտինի մեջ, այստեղ չեն էլ տեստավորում, որ ժխտեն կամ հաստատեն հիվանդության առկայությունը»:

Գագիկը հայտնեց, որ իր տեղեկությամբ Չինաստանից վերադարձածների մեջ շատերը կան, որ ջերմություն ունեն, բայց տանն են բուժվում: Գագիկը նույնպես, հնարավոր է` վաղվանից տանը շարունակի բուժումը:

«Բուժող բժիշկս եկավ, ասաց` թոքաբորբ չես, դուրս կգրենք: Մինչդեռ հիվանդանոցի բաժնի վարիչը ասել է թոքաբորբ է իր մոտ: Հիմա չեմ հասկանում` ինչու էի երեք օր անտիբիոտիկ ընդունում, կամ, եթե թոքաբորբ եմ, ինչպես են դուրս գրելու: Հատկապես, որ ջերմությունս չի իջել»,- ասաց նա:

Նշենք, որ Հայաստանն այսօր նոր կորոնավիրուսի ախտորոշման տեստեր է ստացել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ