Հաշվի առնելով գրիպի ու սուր շնչառական վարակների սեզոնը՝ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ոլորտի պատասխանատուների հետ քննարկել է Հայաստանում առկա իրավիճակը։
Նախարարի պաշտոնակտարին է ներկայացվել հունվարի 6-ի դրությամբ վիճակագրությունը, ըստ որի՝ պոլիկլինիկական կազմակերպություններ դիմել է շնչառական վարակներով 526 հիվանդ։ Տվյալ օրվա դրությամբ հանրապետությունում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 541, թոքաբորբով 184 հիվանդ։ Բոլորն ունեն առողջացման դրական շարժընթաց։
Արսեն Թորոսյանը վերջիններիս հետ շրջայց է կատարել Երևանի մի շարք բժշկական հաստատություններում, մասնավորապես մանկական բաժանմունքներում՝ տեղում ծանոթանալով իրավիճակին և վիճակագրական տվյալներին։
Թորոսյանն առաջին այցը կատարել է ՆՈՐՔ ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, որտեղ այս պահին առկա է սուր շնչառական վարակներով հոսպիտալացված 9 հիվանդ։ Թորոսյանը նախ ծանոթացել է հիվանդանոցային պայմաններին, ապա այցելել հիվանդներին։ Հիվանդների թվում կան նաև զինծառայողներ։ Նախարարի պաշտոնակատարը զինծառայողներին մաղթել է շուտափույթ ապաքինում և բարի ծառայություն։
Նախարարի պաշտոնակատարը հաջորդ այցը կատարել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ նրան է միացել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը։ Այս բժշկական կենտրոնում առկա է հոսպիտալացված 77 հիվանդ, որոնց գրեթե 95%-ը երեխաներ են։ Վերջիններս շրջել են բժշկական կենտրոնում և ծանոթացել հիվանդների բուժման ընթացքին։
Արսեն Թորոսյանն այցելել է նաև «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ առկա է սուր շնչառական վարակներով հոսպիտալացված 112 հիվանդ, այստեղ ևս գրակշիռ մասը՝ 96% երեխաներ են։
Նախարարի տեղակալ Լենա Նանուշանն այցելել է Մուրացան և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոններ, որտեղ ևս հոսպիտալացված են սուր շնչառական վարակներով հիվանդներ։
Այցելության պահին Մուրացան ԲԿ-ում հոսպիտալացված էր սուր շնչառական վարակներով 87 հիվանդ, որոնց ճնշող մեծամասնությունը կրծքի հասակի երեխաներ են։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում հոսպիտալացված էր նշված հիվանդությամբ 20 հիվանդ, որոնք հիմնականում ևս երեխաներ են։ Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, ունեն առողջացման դրական տեղաշարժ։
Շրջայցերից հետո առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն առաջատար մասնագետների և ոլորտի պատասխանատուների հետ անցկացրել է խորհրդակցություն։
Արսեն Թորոսյանը հանձնարարարել է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տարածքային ստորաբաժանումներին դասերի սկսմանը զուգնընթաց դպրոցական և նախադպրոցական հաստատություններում կատարել ընտրանքային ջերմաչափումներ։
Պետք է նշել, որ ներկայումս դիտվող իրավիճակն ու շնչառական վարակների աշխուժացումը համահունչ է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնին։ Համեմատելով նախորդ տարվա հետ՝ արձանագրված տվյալները գտնվում են գրեթե նույն մակարդակի վրա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը