Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդից մահացած անձանց թիվը հասել է 3-ի։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ հաղորդվել էր մեկ անձի մահվան մասին, որի մոտ ախտորոշվել էր այդ հիվանդությունը:
«Երկու հիվանդներն էլ ունեցել են ուղեկցող մի շարք քրոնիկ հիվանդություններ։ Նրանք 80 տարեկանից բարձր են»,- նշեցին նախարարությունից։
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Արևմտյան Նեղոս տենդի 108 հիվանդացության դեպք է հաստատվել։ Նրա խոսքով՝ մոծակներն ամենաշատը Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերում են։
Հիշեցնենք` Արևմտյան Նեղոսի տենդը մեծամասամբ ընթանում է ասիմպտոմ։ 85% դեպքերում մարդիկ չգիտեն, որ վարակված են այդ հարուցիչով։ Մնացած դեպքերում մարդկանց մոտ կարող են ախտանշաններ լինել ջերմության, գլխացավի, ցանավորման տեսքով։ Հիվանդության ինկուբացիոն շրջանը կարող է տևել 2-3 շաբաթ, բայց ավելի հաճախ տևում է 3-6 օր։ Վարակված մարդու ջերմությունը կարող է բարձրանալ 38-40 աստիճան, դողէրոցք սկսվել։ Հիվանդությանը բնորոշ են ուժեղ գլխացավը, փսխումները։ Վիրուսը բարդացման փուլում կարող է առաջացնել ընդհուպ մենինգոէնցեֆալիտ, որը միաժամանակ ուղեղի թաղանթի և ուղեղի բորբոքումն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը