Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը։
Մասնավորապես, քննարկվել են տարբեր գյուղմթերքների արտադրության խթանման, ֆերմերային տնտեսությունների զարգացման ուղղությամբ նոր գործիքների ներդրման հնարավորությունները, որոնց շուրջ հնչեցվել են առաջարկություններ և դիտարկումներ:
Վարչապետը կարևորել է մինչ այժմ այս ուղղություններով կիրառվող գործիքների արդյունքների ամփոփումը՝ դրանց պահանջարկը գնահատելու համար: Նիկոլ Փաշինյանն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է, հաշվի առնելով հնչեցված գաղափարները և նախորդ ծրագրերի գնահատականները, ներկայացնել հետագա միջոցառումների նախագիծ:
Վարչապետը ևս մեկ անգամ կարևորել է ներդրումային ծրագրերի խթանման ուղղությամբ կառավարության քայլերը և հավելել, որ պետք է ներդնել ներդրումային առաջարկներին արձագանքման օպերատիվ մեխանիզմ: Խոսելով սոցիալական աջակցության ծրագրերի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ պատկան գերատեսչությունները պետք է աշխատեն այնպես, որպեսզի րոպե առաջ շահառուները ստանան իրենց հասանելիք օժանդակություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը