23 03 2020

Վարչապետի մոտ քննարկել են գյուղատնտեսության ոլորտում կառավարության քայլերը

Վարչապետի մոտ քննարկել են գյուղատնտեսության ոլորտում կառավարության քայլերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավրությամբ կառավարությունում շարունակվում են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների ծրագրի նախագծի շուրջ քննարկումները: Մասնավորապես, այսօրվա քննարկման ընթացքում անդրադարձ են կատարվել գյուղատնտեսության ոլորտի հետ կապված միջոցառումներին:

Քննարկումներին մասնակցել են կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև Ազգային ժողովի Տնտեսական, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ՝ Բաբկեն Թունյանը, Վարազդատ Կարապետյանը, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը:

Մասնավորապես, նշվել է, որ ծրագրի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի հետևանքով գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող առանձին տնտեսավարողների մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմումը, սուբսիդավորման միջոցով նպաստել գյուղոլորտի տարբեր ճյուղերի խնդիրների լուծմանն ու հետագա զարգացմանը: Ծրագրի վերաբերյալ տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:

Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է՝ հաշվի առնելով այսօրվա քննարկումների արդյունքներն ու հնչեցված գաղափարները, վերջնական տեսքի բերել գյուղոլորտի հետ կապված նախագիծը և ներկայացնել կառավարության հաստատմանը:

Առողջապահության, սոցիալական և այլ ոլորտներին օժանդակություն ցուցաբերելու շուրջ քննարկումներն առաջիկա օրերին կառավարությունում կշարունակվեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ