Դեկտեմբերի 18-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ շրջայցեր են իրականացրել ձկան ապօրինի վաճառքի դեպքեր բացահայտելու նպատակով։
Մասնավորապես, Էրեբունի, Ավան, Արաբկիր, Աջափնյակ վարչական շրջաններում առգրավվել է թվով 1002 հատ սիգ տեսակի ձուկ, սննդի համար պիտանելիության լաբորատոր հետազոտություն անցկացնելուց հետո ձկները հանձնվել են «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն ՊՈԱԿ -ին, ՀՀ ԿԳՆ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրին, «Երևանի Նիկողոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ին։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ շրջայցերը կկրեն շարունակական բնույթ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը