22 03 2018

Հայաստանում ջրերը աղտոտված են, դա փոխանցվում է բույսերին, բույսերից էլ մարդուն. փորձագետ

Հայաստանում ջրերը աղտոտված են, դա փոխանցվում է բույսերին, բույսերից էլ մարդուն. փորձագետ

Հանքարդյունաբերության պատճառով Հայաստանի ջրերը շատ աղտոտված են, աղտոտված ջրերը ներթափանցում են գետեր, իսկ գետերը սնում են ջրամբարները: Այս մասին մարտի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ջրային պաշարների անկախ փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, Հրազդան գետի վրա ամեն 100 մետրի վրա դրված է պոմպ, մարդիկ գետից վեցնում են ջուրն ու ջրում հողամասերը, իսկ այդ ջուրն աղտոտված է:

«Հայաստանում չկա մի գետ, որ մաքուր լինի: Ոռոգման համար օգտագործվող ջրերը պարունակում են թունավոր նյութեր, ծանր մետաղներ, որոնք ոռոգման միջոցով աղտոտում են հողը, իսկ հողից բույսն է վերցնում: Մեր հետազոտությունների արդյունքում պարզեցինք, որ այն, ինչ բերում ենք ջրի հետ, դրա 75 տոկոսն անցնում է բույսի մեջ, հետագայում բնակչությանը»,- ասաց նա:

Մասնագետի խոսքով, կան ձկնաբուծական ֆերմաներ, որոնք իրենց հետադարձ ջրերը նույնպես ուղարկում են գետեր և արդյունքում, օրինակ, Մասիսից բերված մանուշակները նախորդ տարի ձկան հոտ ունեին: Շատ անգամ բնակիչները բողոքում են, որ բանջարեղենը ձկան համ ունի: Քնարիկ Հովհաննիսյանն ասաց, որ այսպես շարունակվելու դեպքում մեծ ռիսկեր կարող են առաջանալ:

«Ջրի սակավության պատճառով չափազանց շատ ջուր օգտագործեցինք Արարատյան դաշտի արտեզյան ջրերից, ինչի հետևանքով կարող ենք այդ ջրավազանը կորցնել: Նույնը վերաբերում է Սևանին. ամեն տարի կառավարությունը մտնում է ԱԺ՝ Սևանից ջուր բաց թողնելու հարցով: Իսկ քանի որ ջրամատակարարման համակարգը բարվոք վիճակում չէ, Սևանից բաց թողնված ջրի միայն 25 տոկոսն է հասնում դաշտերին, մնացածը կորչում է»,- ընդգծեց նա:

Նշենք նաև, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը չի բացառում, որ այս տարի նույնպես հնարավոր է Սևանից ջրառ կատարվի, կախված նրանից, թե եղանակն ինչպիսին կլինի: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ