18 04 2020

«Ծովից ծով ԴԱՏԱՍՏԱՆ»․ հատված Վահրամ Սահակյանի նոր գրքից

«Ծովից ծով ԴԱՏԱՍՏԱՆ»․ հատված Վահրամ Սահակյանի նոր գրքից

Գրող, բանաստեղծ, թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանն առաջիկայում հանդես կգա նոր գրքով, որը հեղինակը վերնագրել է «ԾՈՎԻՑ ԾՈՎ ԴԱՏԱՍՏԱՆ»

Գրքից մի փոքր հատված հեղինակն օրերս տեղադրել էր ֆեյսբուքյան էջում։ Մեր խնդրանքով, հեղինակը տրամադրեց անտիպ գործից այլ կտոր ևս, որն այժմ հրապարակում ենք։

ԳԼՈՒԽ 5

ԻՐԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ

Բարև, Հայոց պատմություն։ Մինչև այս փոքրիկ երկրում ծվարած բնակչության սարսափազդու արարքների նկարագրությունը, թույլ տուր նույն բնակչությանը տեղեկացնել որոշակի վտանգների մասին, որ գոնե մեկ անգամ փորձեն խուսափել դրանցից։

Ուրեմն՝ տես, Հայոց պատմություն։ Դու գիտես, որ 2019-2020 թվականներին քո երկրի բնակչությունը կրկին պառակտվեց, երկատվեց, եռակտվեց ու թշնամության ցուցադրումը դարձավ նրա օրվա հացը։ Թշնամության հետ մեկտեղ, սկսեցին հնչել իրար ասվող հայհոյանքներ և սպառնալիքներ։ Հիմա ո՞ր սպառնալիքից վախենալ, սա է խնդիրը։ Սսպառնալիքներ շատ կան. «Կսպանեմ», «Կմորթեմ», «Ականջներդ կկտրեմ» «Կտամ աչքդ կհանեմ, «Կտամ բերանդ կջարդեմ», «Գլուխդ կցխեմ» և այլն։

Միանգամից ասեմ, որ դրանք բոլորն էլ հիմար բաներ են դրանք։ Դրանցից վախենալ պետք չէ։ Դրանք անհիմն են։

Վախեցեք ահա այսպիսի բաներից, այսինքն՝ աշխարհի ամենամեծ սպառնալիքներից։

Ահա դրանք։

«Ախպեր ջան, մեջքիդ հետևը կանգնած եմ»։

«Ժողովուրդը կողքիդ կանգնած է»։

«Մենք ձեզ շատ ենք սիրում, ձեր կողքին ենք»։

Սրանք սպառնալիքներ էլ չեն, սրանք… ո՞նց ասեմ… Սրանք ցավ պատճառելու կամ թշնամական գործողություն կատարելու մտադրության վերաբերյալ հայտարարություննե′ր են։ Այսինքն՝ սրանք չարիք, անախորժություն, վնաս պատճառելու խոստումներ են, որևէ վնասակար, աղետաբեր բան լինելու նախանշաններ։ Սրանք կարող են վտանգ հանդիսանալ, երկյուղի, անախորժության պատճառ դառնալ։

Կոնկրետ՝ «Մեջքիդ հետևը կանգնած եմ»-ը՝ դա անաբեկություն է, ահաբեկում է, ապառնություն, ապառնանք, ապառնում։

Մենք գիտենք, որ անձամբ Բրուտոսը Կեսարին շատ անգամներ է ասել նման բաներ։

Հուդան էլ շատ սիրում նման բաներ ասել։

Մի խոսքով՝ եթե հանկարծ ինչ-որ մեկը ձեզ կասի «Կողքիդ կանգնած եմ» կամ «Մեջքիդ հետևը կանգնած եմ»՝ համարեք որպես ատելության խոսքի արտահայտում, ինչը և արդեն քրեական հոդված է։

ԳԼՈՒԽ 12

ՀԵՔԻԱԹ ՄԻ ՉՆՉԻՆ ՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ,

ՈՐԻՆ ԱՍԵԼ ԷԻՆ «ԴՈՒ ՄԵՆԱԿ ՉԵՍ»

Աշխարհում ապրում էր մի շատ չնչին, կեղտոտ, անգրագետ ու վախկոտ մարդ։ Սա ոչ անուն-ազգանուն ուներ, ոչ խելք, ոչ էլ քաղաքացիական գիտակ-ցությունը։ Եվ ինչպես ցանկացած չնչին էակ՝ նա սեփական «Ես» չուներ։ Դրա համար էլ վախենում էր ամեն ինչից. գայլերից, արջերից, շներից և ինտելեկ-տուալ, էմոցիոնալ գործառույթներից։ Մի խոսքով՝ վախկոտ անասուն, ոչխարի զավակ էր նա։

Բայց թե, դիտենք, որ «Ես» չունեցող նման դեգենարատների համար հնարել են «Դու մենակ չես» արտահայտությունը։ -Հանգիստ եղիր, դու մենակ չես,- ասում են նրան,- քո նման մի կես միլիոն անգրագետ սրիկա էլ կա, միաձուլվիր հետները ու դարձիր ցեռ։ Բայց մի օր մի քանի սրիկա եկան ու սրան ասացին «Մի վախենա, դու մենակ չես»։ Սա սկզբում չհավատաց, բայց նրան ավելի մանրամասն բացատրեցին՝ «Արա, դեբիլ, դու մենակ չես, հասկացա՞ր, քո նման մի կես միլիոն էլ «ես» չունեցող ոչխար-անասուն կա ու նրանք քո հետ են»։ Մեր չնչին մարդը սա լսելով շատ ուրախացավ, հասկացավ ու մտածեց «Բա էլ ո՞ւմ ճուճուլին է պետք «Ես»-ը, եթե կա «Մե′նք»-ը, արա՜, իսկ մենքը դա… մենք ենք, մենք շատ ենք, շատ- շատ ենք»։

Էդպես մտածեց, գցեց-բռնեց, հետո իր նման մյուս «մենք»-երի հետ՝ գնաց Բարրաբային ազատեց ու Հիսուսին խաչել տվեց։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ