12 12 2018

Կինոռեժիսորների կարճատև և արդյունավետ հացադուլը

Կինոռեժիսորների կարճատև և արդյունավետ հացադուլը

Ռեժիսոր Արամ Շահբազյանը դեկտեմբերի 12-ին անժամկետ հացադուլ սկսեց և դադարեցրեց մշակույթի նախարարության շենքի մոտ։

Նա նշեց, որ զրուցել է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ և տիկին Մակունցը խոստացել է այս պահից գործընթաց սկսել.

«Նախարարը եկավ ներքև և ինձ հրավիրեց վերև, մոտ մեկ ժամ զրուցեցինք, ես բարձրաձայնեցի բոլոր խնդիրների մասին, և նա ասաց, որ հենց այս պահից գործընթաց է սկսում՝ այդ խնդիրների հետ կապված և խնդրեց ինձ դադարեցնել հացադուլը: Նախարարը նաև վստահեցրեց, որ գործընթացները կլինեն ամենաարդար և թափանցիկ ձևով»,- ասաց նա:

Ռեժիսորը շեշտեց, որ եթե գործը տեղից չշարժվի, կրկին հացադուլ կհայտարարի:

Արամ Շահբազյանի հացադուլի պատճառը նրա կիսատ մնացած «Չնչիկ» ֆիլմն է․ 2003-2006 թթ. ֆիլմի նախագիծը շահել էր 75 հազար դոլար և 110 հազար  եվրո դրամաշնորհ, և դիմել էին ֆիլմարտադրության աջակցության ծրագրին։ «Չնչիկը»  դեռեւս 2010-ին պետք է ավարտվեր, սակայն անհրաժեշտ գումարը այդպես էլ չի հատկացվել։

Դեկտեմբերի 3-ից հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը ևս դեկտեմբերի 12-ին դադարեցրեց հացադուլը՝ դրա համար բավարար հիմք ընդունելով մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպման արդյունքը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հովհաննես Գալստյանի ձեռքին գտնվող և Հայաստանի ազգային կինոկենտրոնում առկա «Տատիկիս վարսերը» ֆիլմի արտադրական գործընթացին առնչվող փաստաթղթերում, մասնավորապես՝ 2015-ին Ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանի կողմից տրված աջակցության վկայագրի հայերեն և անգլերեն տարբերակներում կան էական տարբերություններ, ինչը և դարձել է ստեղծված ֆորսմաժորային իրավիճակի պատճառը, առաջարկում եմ՝ ստեղծել շահագրգիռ բոլոր կողմերը ներառող աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի և երկօրյա ժամկետում կներկայացնի գործին առնչվող բոլոր փաստաթղթերի վերաբերյալ իրավական եզրակացություն: ՀՀ օրենսդրությանը համապատասխանող իրավական անհրաժեշտ հիմքն ապահովելու դեպքում Հայաստանի ազգային կինոկենտրոնը կշարունակի իրականացնել «Տատիկիս վարսերը » ֆիլմի հանդեպ ստանձնած ֆինանսական պարտավորությունները»,- դեկտեմբերի 12-ի տեղի ունեցած հանդիպմանը նշեց նախարարի պաշտոնակատար Մակունցը:

Հովհաննես Գալստյանն ընդունեց առաջարկն ու ճաշակած քաղցրավենիքով դադարեցրեց 9 օր առաջ սկսած հացադուլը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ