05 08 2021

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահն Արթուր Սարգսյանի կալանքի դեմ բողոքն ինքն իրեն է ձեռքով մակագրել. Փաստաբան

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահն Արթուր Սարգսյանի կալանքի դեմ բողոքն ինքն իրեն է ձեռքով մակագրել. Փաստաբան

Սիսիանի համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի ձեռքով ինքն իրեն է հենց մակագրել, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ կայացվելիք որոշման վրա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արթուր Սարգսյանի փաստաբան Էմին Խաչատրյանը:

Փաստաբանի գնահատմամբ՝ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ կանխորոշում են գործի քննության կողմնակալ ելքը: 

«Դատարանն այսօր անաչառության վերաբերյալ որևէ երաշխիք չտրամադրեց պաշտպանական կողմին, որովհետև մենք հայտնեցինք մեր մտահոգություններն առ այն, թե ինչպես է ստացվում, որ դատարանի նախագահը ինքն իրեն է մակագրել այդ գործը: Գործը, ըստ կարգի, այբբենական կարգով պետք է մակագրի, և մենք դատարանին խնդրեցինք փաստաթղթային որևէ հիմք տրամադրել առ այն, որ գործն այդ կերպ է մակագրվել, բայց միայն բանավոր պնդումներ եղան: Դրանից ելնելով՝ ինքնաբացարի միջնորդություն ներկայացրինք՝ ելնելով այդ մտավախություններից՝ քաջ գիտակցելով, որ դատարանն այն մերժելու է, և հենց այդպես էլ եղավ»,- նշեց փաստաբանը:

Նրա խոսքով՝ զուգադիպությունները շատ են. հենց Սյունիքի համայնքապետերի գործերը մուտք են եղել, Վերաքննիչ դատարանի համակարգիչները ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում առգրավվել են:

«Գործը մուտք է եղել հուլիսի 28-ին, մակագրվել՝ օգոստոսի 2-ին, դատարանն էլ պատճառաբանում է, թե այդ միջակայքում հանգստյան օրեր են եղել՝ ուշացնելով մակագրումը, այնինչ որևէ բան չէր խանգարում դատավորին հենց առաջին օրը դա անել»,- նկատեց փաստաբանը:

Դատարանը, բացի անաչառ լինելուց, ըստ Խաչատրյանի, պետք է նաև երևա այդպիսին, իսկ իրենց թվարկած հանգամանքները, կարծում է, հիմք են տալիս եզրակացնելու, որ դատարանն անաչառ չի լինելու:

Առաջին ատյանի դատարանը Արթուր Սարգսյանի կալանավորման հիմքերից էր համարել գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը, իսկ դատարանի այդ որոշումը փաստաբանը անհիմն է համարում:

«Առաջին ատյանի դատարանի որոշումը կալանքի վերաբերյալ շատ ցածր մակարդակ ու ոչ բավարար հիմնավորվածություն ունի՝ կառուցված լինելով շատ պարզունակ եզրակացությունների վրա, այն է՝ Արթուր Սարգսյանը, լինելով Սիսիան համայնքի ղեակավար, ունի բարձր հեղինակություն, անձնական կապեր, և դրանով կարող է ազդեցություն ունենալ գործի քննության վրա: Սա վերացական, ապագային միտված կանխատեսողական եզրահանգում է, ինչին մենք արձագանքել ենք իրական ժամանակում և իրական կյանքում առկա հանգամանքներով: Արթուր Սարգսյանը, տեղեկանալով մամուլից իր դեմ նախաձեռնված գործընթացների, Գլխավոր դատախազության կողմից ԿԸՀ ներկայացվող միջնորդությունների մասին, որևէ գործողություն չի կատարել մինչդատական վարույթին խոչընդոտելու համար: Բարձր ճշտապահություն և իրավագիտակցություն դրսևորելով՝ ցանկացած պահի ներկայացել է ցանկացած քննչական գործողության՝ գիտակցելով նաև, որ կա ԿԸՀ որոշումը իրեն անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, որին հետևելու էին խափանման միջոցի վերաբերյալ որոշումները»,- նշեց փաստաբանը:

Արթուր Սարգսյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի առաջին մաս (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) հատկանիշներով: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը բավարարվել է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ