ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Գրիգորի Խաչատուրովն ազատվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Խաչատուրովն այդ պաշտոնին էր 2016 թվականից։ Պայմանագրի ժամկետը լրացել է, չեն երկարացրել։
Գրիգորի Խաչատուրովը 2019թ․ սեպտեմբերի 20-ին ստացել է գեներալ-մայորի կոչում՝ Արմեն Սարգսյանի ձեռքից, Նիկոլ Փաշինյանի առաջարկով։ Խաչատուրովը հեղինակավոր, հզոր զինվորականի համարում ունի, որի ռազմական սխրանքների մասին շատ են պատմում։ Նա դեռ երկար տարիներ կարող էր հայրենիքին ծառայել։ Ուստի անհասկանալի է, թե ինչու պայմանագիրը չի երկարացվում կամ էլ այլ աշխատանք չի առաջարկվում գեներալին։
Բնականաբար, այստեղ պատճառը քաղաքական է։ Նիկոլ Փաշինյանին պետք չեն գեներալներ, որոնք կարող են սեփական կարծիքն ունենալ ու հաստատուն մնալ այդ կարծիքին, ըմբոստանալ, երբ ապօրինություն են տեսնում։ Ուզում ես գեներալ լինել ու պաշտոնավարե՞լ, պետք է լինես Վաղարշակ Հարությունյան, Արտակ Դավթյան, Արշակ Կարապետյան․․․ Մի ըմբոստացիր, գովիր Նիկոլին, և քո առաջ կբացվեն դռները։ Բանակից փախա՞ծ է, ոչինչ, հրահանգներ է տալիս, որոնք կապ չունե՞ն զինվորականության, սպայի պատվի հետ, ոչինչ, մեկ է՝ ասա, որ ինքը հզոր «գերագույն գլխավոր» է ու կմնաս քո պաշտոնին։
Ուշագրավն այստեղ էլի նախագահ Արմեն Սարգսյանի պահվածքն է։ Երբ դու՝ ՀՀ նախագահդ, կոչում էիր շնորհում, հիմնավորում կար, չէ՞։ Հիմա որ ազատում ես, էլի հիմք կա, չէ՞։ Բա մի հատ ազատելուց չե՞ս բացում արխիվդ՝ տեսնես՝ էդ մարդուն ինչի էիր կոչում տվել, ինչ արժանիք ունի, ինչպիսի սպա է, հայրենիքին ինչ ծառայություններ է մատուցել։ Քո մտքով չի՞ անցնում՝ ինչու են ուզում այսօրվա ամենառիսկով գեներալներից մեկից ազատել։ Այն էլ հիմա՝ նրա ծառայության շրջանում «անկլավներից ազատվելու» լուրերի ֆոնին։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը