15 10 2018

Ֆուտբոլում 20 տարում փչացրածը 20 օրում հնարավոր չէ ուղղել. Վանեցյան



Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի` Մակեդոնիայի հետ կայանալիք խաղից հավաքականի նախաղային մարզմանը ներկա գտնվելուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին։

«Ֆուտբոլիստների հետ զրուցեցինք մեր հետագա անելիքների, վաղվա խաղի մասին: Ջիբրալթարի հետ խաղի արդյունքը բոլորդ տեսաք: Չնայած` պարտվեցինք, բայց եթե նայենք վիճակագրությանը, վերջին շրջանում ամենալավ խաղերից մեկն ենք անցկացրել: Ամեն դեպքում պարտվել ենք, ինչի պատճառների մասին շատ խոր քննարկում ու վերլուծություն ենք ունեցել:

Առաջիկայում կներկայացնենք երկարաժամկետ ծրագիր, ինչի մասին խոստացել էի իմ ընտրվելու ժամանակ: Այդ ծրագրով ցանկանում ենք զարգացնել մեր մանկապատանեկան ֆուտբոլը, լավ կլինի, որ ունենք մեծ թվով ֆուտբոլիստներ, որպեսզի հետագայում Ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ընտրության հնարավորություն ունենա:

Հիմա Հայաստանում մոտ 120 պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ կա, ու մարզիչը հենց նրանց մեջ պետք է ընտրություն կատարի: Արդեն մոլուցքի է վերածվել նաև այն, որ ամբողջ աշխարհում փորձում ենք գտնել հայկական արմատներով ֆուտբոլիստների: Ոմանց հետ հաջողվում է բանակցություններ վարել, ոմանց հետ` ոչ:

Չեմ ցանկանում թերագնահատել մեր հավաքականի ներկայիս ֆուտբոլիստներին, բայց եթե օբյեկտիվորեն նայենք, նայելով խաղն ու արդյունքները, հասկանում ենք, որ այդ արդյունքները մեզ շատ չեն բավականացնում։ Ամեն դեպքում, առաջիկայում կներկայացնենք ծրագիրն ու կսկսենք աշխատել այդ ուղղությամբ: Ֆուտբոլասերներին պարզապես կոչ կանեմ լցվել համբերությամբ և վստահել մեզ:

Շատ զգայում թեմա է ֆուտբոլը: Մեր ազգը ցանկացած պարտություն ծանր է տանում, ինչպես` մենք: Առաջիկայում կտեսնեք գործուն քայլեր»,- հայտնել է Վանեցյանը:

ՀՖՖ ղեկավարը զրույց է ունեցել հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետ։ «Արմեն Գյուլբուդաղյանցին խնդրել եմ չընկճվել, փորձել եմ ոգևորել: Հուսով եմ ` վաղը կունենանք դրական արդյունք: Ես անվերապահորեն վստահում եմ Գյուլբուդաղյանցին»:

Արթուր Վանեցյանը զրուցել է նաև Յուրի Ջորկայեֆի մասին, ով վերջերս հայտարարել էր, որ իրեն տեսնում է ֆուտբոլում. «Խոսել եմ Ջորկայեֆի հետ, նա չունի մարզչական արտոնագիր ու չի կարող գլխավորել մեր հավաքականը: Այսօր մենք ունենք մարզիչ` Արմեն Գյուլբուդաղյանցը, ով շատ պրոֆեսիոնալ է ու չպետք է թերագնահատենք նրա պրոֆեսիոնալ հատկանիշները: Մենք բոլորս պետք է վստահենք նրան: Նա իսկական պրոֆեսիոնալ է, աճեցրել է շատ մեծ ֆուտբոլիստների: Պետք է վստահել և աջակցել մարզչին, բայց հրաշքներ չեն լինելու: 20 տարում փչացրածը 20 օրում ուղղել հնարավոր չէ: Որքան` դուք եք մտածում, 10 անգամ ավել մենք ենք մտածում այս հարցի շուրջ: Վաղը պետք է աջակցենք մեր հավաքականին: Երկրպագենք ու հավատանք, որ մեր տղաները կկարողանան հավաքվել ու արդյունք ցույց տալ»,- նշել  է Վանեցյանը:

Նշենք, որ ՀՖՖ ղեկավարը հայտարարել էր, որ չի միջամտելու հավաքականի գլխավոր մարզչի որոշումներին, բայց, այնուամենայնիվ, ունեցել է հավաքականի հայտացուցակի իր տարբերակը.«Այո, իմ մտքում ունեցել եմ»,- լրագրողների հետ զրույցում նշեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ