22 03 2018

Հիմա կերևա՝ ե՞ս էի մեղավոր, թե՞ երկրպագուները. Ռուբեն Հայրապետյան

Հիմա կերևա՝ ե՞ս էի մեղավոր, թե՞ երկրպագուները. Ռուբեն Հայրապետյան

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն մարտի 22-ին տարվա լավագույն ֆուտբոլիստներին մրցանակները հանձնելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

Խոսելով տոմսերի վաճառքի նոր մեթոդի մասին` նա ասաց, որ նոր քաղաքականություն չկա: «Որևէ բան չի փոխվել, ուղղակի աբոնեմենտային համակարգով է լինելու: Որքանո՞վ կհաջողվի, կտեսնենք այս խաղերից հետո: Ինձ անընդհատ քննադատում էին` տեսեք՝ ինչ գին է սահմանել, հիմա կերևա՝ ե՞ս էի մեղավոր, թե՞ երկրպագուներն ու ինձ քննադատողները»: 

Նշենք, որ յուրաքանչյուր տարվա սկզբում վաճառվելու են ազգային հավաքականի հանդիպումների աբոնեմենտներ: Մարզասերները կարող են ձեռք բերել տարեկան աբոնեմենտներ 50 տոկոս զեղչով:  

Ռուբեն Հայրապետյանը մեկնաբանեց նաև լուրերը, որ Գագիկ Ծառուկյանը մտադիր է 2 ֆուտբոլային ակումբ հիմնել` Աբովյանի «Կոտայք» և Երևանի «Լոկոմոտիվ». «Ակումբը դուռ չի, որ բացվի, փակվի: Ակումբը ստեղծվում է: Ես միշտ դեմ եմ եղել, որ ակումբը բացվի, ոնց բացվում են, այդպես էլ փակվում են: Ազնվորեն, չգիտեմ, թե ինչ նոր ստեղծվող երկու ակումբի մասին է խոսքը: Սպորտի նախարարը եկել է ինձ հետ հանդիպման, քննարկել ենք, ասել են, որ երկու ակումբ են ցանկանում ստեղծել, ասել եմ, որ թույլ չեմ տալու նույն ֆինանսավորման աղբյուրից լինի երկու ակումբ, քանի որ ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն արգելում են նույն ֆինանսավորման աղբյուրից նույն առաջնությունում լինի 2 ակումբ:

 Բացի դա, մեր կանոնադրությունն էլ թույլ չի տալիս, որ ակումբն օդի միջից, առանց որևէ առաջնության մասնակցելու, հայտնվի Բարձրագույն խմբում: Ես սպորտի նախարարին խորհուրդ եմ տվել, ասել եմ, որ «Էրեբունի» ակումբը ֆինանսական խնդիրներ ունի, իմ հորդորով նրանք վերցրել են այդ ակումբը, որը մոտ ժամանակներս կարծում եմ կանվանափոխվի «Կոտայք»: Այդ ժամանակ, Ֆեդերացիան ու Գործկոմը կարող են որոշում կայացնել, որ Առաջին խմբից թիմերը բարձրանան Բարձրագույն խումբ: Դա մեր իրավասությունների մեջ է մտնում: Հակառակ դեպքում, անթույլատրելի է»,- մեկնաբանեց ՀՖՖ-ի նախագահը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ