07 08 2024

Մալխաս Ամոյանը դարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

Մալխաս Ամոյանը դարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը փառահեղ հաղթանակով նվաճեց Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարում 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում 22-ամյա Մալխաս Ամոյանը գոտեմարտեց աշխարհի փոխչեմպիոն, Ասիայի առաջնության բրոնզե մեդալակիր, Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանի հետ եւ հաղթեց 6:5 հաշվով:

Մրցակիցները գոտեմարտի մեկնարկում գրկախառնվեցին, հետո նոր մեկնարկեցին: Առաջին մրցափուլում Ամոյանը նախ մեկ միավոր վաստակեց գորգից դուրս հրելով Վարդանյանին: Ապա վերեւում աշխատելու հնարավորություն ստացավ եւ 4 միավորանոց գլորումով հաշիվցը դարձրեց 6:0:

Մրցակիցները գնացին հանգստի 6:0 հաշվով՝ Ամոյանի առավելությամբ:

Երկրորդ մրցափուլում Արամ Վարդանյանը ակտիվության համար մեկ միավոր ստացավ: Ամոյանին պարտեր նստացրին, մրցակիցը 4 միավոր վաստակեց:

Գոտեմարտն ավարտվեց 6։5 հաշվով Մալխաս Ամոյանի գեղեցիկ հաղթանակով:

Եվրոպայի եռակի չեմպիոնն իր առաջին Օլիմպիական խաղերում պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 8:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել 2021 թ. երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 2022 թ. Մ20 Եվրոպայի փոխչեմպիոն, 2023 թ. Մ23 Եվրոպայի չեմպիոն Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջոնի Կունարի Սարկկինենի նկատմամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ