01 03 2022

Հնարավոր ռիսկերն ու առաջ եկող հնարավորությունները՝ իշխանության ամորֆության ու անընդունակության ֆոնին․ «Փաստ»

Հնարավոր ռիսկերն ու առաջ եկող հնարավորությունները՝ իշխանության ամորֆության ու անընդունակության ֆոնին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Այսօրվա գլոբալացող աշխարհում պետությունների փոխկապակցվածությունը հասել է մի այնպիսի մակարդակի, որ տասնամյակներ առաջ դժվար էր պատկերացնել։ Իսկ համաշխարհային տնտեսության գործունեությունը ժամանակի ընթացքում ավելի սինխրոն բնույթ է ստանում։ Եթե որևէ տարածաշրջանում խնդիրներ են առաջանում, համաճարակներ են ծագում կամ կոնֆլիկտներ են բռնկվում, ապա դրանք իրենց ազդեցությունն են ունենում համաշխարհային տնտեսության օղակների ու միջազգային հարաբերությունների համակարգի վրա։

Օրինակ՝ հսկայական փոխկապակցվածության արդյունքում է, որ Չինաստանում սկիզբ առած կորոնավիրուսի համաճարակը տարածվեց ողջ աշխարհով մեկ՝ պատճառ դառնալով ահռելի սահմանափակումների և համաշխարհային տնտեսության մեջ ճգնաժամային իրավիճակի առաջացման։ Ճիշտ է՝ ներկայումս պանդեմիայի հաղթահարման փուլում ենք գտնվում, սակայն մի շարք ուղղություններով դժվարություններն ու խնդիրները շարունակում են ակտուալ մնալ։ Մասնավորաբար, մինչ այժմ լուծված չէ մատակարարման շղթաների ապահովման հարցը, միկրոչիպերի դեֆիցիտի ֆոնին մեծացել է նորագույն տեխնոլոգիական լուծումների նշանակությունը, իսկ էներգակիրների ու պարենային ապրանքների պահանջարկի ավելացման հետևանքով դրանց գների կտրուկ աճ է նկատվում։

Այսպիսի պայմաններում, ընդհանուր առմամբ, տարբեր պետությունների բնակչության շրջանում ներքին դժգոհությունների մեծ կուտակում է նկատվում։ Իսկ բնակչության դժգոհությունները այդ երկրներում ներքաղաքական լանդշաֆտի փոփոխություն են խոստանում։ Դրա արդյունքում էլ պետությունները ձգտում են արտաքին ձեռքբերումների, որոնց միջոցով իշխանությունները փորձում են լցնել ներքաղաքական օրակարգի բացերը։ Եվ պատահական չէ, որ ներկայիս աշխարհը դարձել է անկայուն, երբ պետությունների ու դաշինքների միջև մեծացել է մրցակցությունը, և մի շարք ուղղություններով սրվել են հակասություններն ու հակամարտությունները։ Ի մասնավորի՝ այսօր արդեն բախվում ենք Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի հետ, որն, ըստ էության, նոր գլոբալ փոփոխությունների պատճառ է դառնում՝ խոստանալով իր հետևանքներն ունենալ անգամ ամենահեռավոր տարածաշրջաններում։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմական հակամարտության մեջ ներգրավված է Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, որի դեմ Արևմուտքը խիստ պատժամիջոցներ է կիրառում, ապա բնական է, որ մեր երկիրը հատկապես շատ սուր է զգալու Ուկրաինական ճգնաժամի ազդեցությունը։

Ընդ որում, դա կարող է լինել երկարատև գործընթաց: Կասկած չկա, որ Ռուսաստանում առաջ եկած տնտեսական խնդիրները պատճառ են դառնալու, որ հարվածի տակ հայտնվի ԵԱՏՄ տնտեսական գոտին, այդ թվում՝ նաև ՀՀ տնտեսությունը։ Առաջին հերթին տուժելու են Հայաստանի արտահանողները, քանի որ մեր երկրում արտադրված ապրանքների իրացման հիմնական ուղղությունը Ռուսաստանն է, իսկ հայկական ապրանքների արտահանման համար նոր շուկաներ գտնելը հեշտ չի լինելու։ Բացի դրանից, մեծ թվով քաղաքացիներ ամեն տարի Հայաստանից մեկնում են Ռուսաստան արտագնա աշխատանքի, և, ընդհանուր առմամբ, այդ երկրից հսկայական տրանսֆերտներ են փոխանցվում մեր երկիր, ինչը լրացուցիչ նշանակություն է ունենում Հայաստանի ծանր սոցիալտնտեսական վիճակը մեղմացնելու համար։ Օրինակ՝ 2021 թվականին արտասահմանից Հայաստան դրամական փոխանցումների 41 %-ը Ռուսաստանից է կատարվել:

 

Միաժամանակ, ռուբլու արժեզրկումը պայմաններ է ստեղծում նաև հայկական դրամի դիրքերի թուլացման համար։ Սակայն, միևնույն կողմից, այս իրավիճակում Հայաստանի համար կարող են նաև նոր հնարավորություններ բացվել։ Պարզ է, որ պատժամիջոցների առկայության պայմաններում ռուսական ընկերությունները և բանկերը փորձելու են ինչ-որ ձևով շրջանցել արևմտյան սահմանափակումները, իսկ այդ հարցում Հայաստանը կարող է օժանդակել։ Օրինակ՝ եթե Արևմուտքը արգելափակում է որոշակի ռուսական ապրանքների ու ծառայությունների մուտքը, ապա հաշվի առնելով, որ Հայաստանը և Ռուսաստանն օգտվում են ԵԱՏՄ տնտեսական գոտու ընձեռած հնարավորություններից, ավելի ձեռնտու է դառնում այդ ծառայությունների և ապրանքների արտադրության որոշակի գործընթացներ տեղափոխել Հայաստան և արտահանումը կազմակերպել հենց մեր երկրից՝ շրջանցելով պատժամիջոցները։

Դրան զուգահեռ, նպաստավոր իրավիճակ կարող է ստեղծվել դեպի Հայաստան ռուսական կապիտալի ներհոսք ապահովելու ուղղությամբ։ Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են. մասնագետներն այս օրերին խոսում են նաև այլ հնարավորությունների մասին: Մնում է միայն, որ Հայաստանը կարողանա առկա իրավիճակն իր օգտին ծառայեցնել։ Սակայն դատելով գործող իշխանությունների վերաբերմունքից, երեքուկես տարվա նրանց գործունեությունից, նրանք հազիվ թե ունակ լինեն նախաձեռնողականություն ցուցաբերել։ Սա ինչ-որ չափով հիշեցնում է համաճարակի արդյունքում բացված նոր հնարավորություններից օգտվելու՝ Փաշինյանի հայտարարությունները։

Օրինակ՝ վերջինս նշում էր, թե համավարակը գյուղատնտեսության զարգացման համար նպաստավոր պայմաններ է ստեղծում, սակայն աճ արձանագրելու փոխարեն, անցյալ տարի գյուղոլորտն անկում ապրեց։ Իսկ այժմ պարենային ապրանքները միջազգային շուկայում էականորեն թանկացել են և մեծ պահանջարկ են վայելում, մի հանգամանք, որից կարող էր այսօր օգտվել Հայաստանն արտահանումը խթանելու նպատակով։ Եթե իշխանություններն այսպիսի ամորֆ գործելակերպը շարունակեն, ապա նույնպիսի իրավիճակ է ստեղծվելու նաև հիմա...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ