«Փաստ» օրաթերթը գրում է․ Արցախյան պատերազմից արդեն մեկ տարի երկու ամիս ժամանակ է անցել, և հանկարծ իշխող ուժի ներկայացուցիչները որոշել են 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծել։ Առաջին հարցը, որ առաջ է գալիս, այն է, թե ընդհանրապես ի՞նչ է փոխելու այդ հանձնաժողովի գոյությունը ներկայիս իրադրության պայմաններում։ Պատասխանը հստակ է՝ ճշմարտությունը բացահայտելու առումով՝ ոչինչ էլ չի փոխելու։ Այն ընդամենը իշխանությունների, ներողություն՝ կոնկրետ Փաշինյանի երեսը «սպիտակեցնելու», արդարացնելու և պատասխանատվությունից զերծ պահելու խնդիր է լուծելու՝ նշանակելով այլ մեղավորներ, ընդ որում՝ մեծամասամբ՝ այդ ամենի հետ ոչ մի կապ չունեցող։
Այնինչ, յուրաքանչյուր մտածող մարդ կարող է հստակ նշել ձախողման հիմնական պատճառներից յուրաքանչյուրը. դրանց մասին այս ընթացքում շատ է խոսվել, չկրկնենք։ Ու, բնականաբար, եթե խորհրդարանական ընդդիմությունը մասնակցեր այս հանձնաժողովի աշխատանքներին, լեգիտիմացնելու էր իշխանությունների՝ «ջրից չոր դուրս գալու» ջանքերը։ Ու շատ կարևոր է այս հարցում ընդդիմության միասնականությունը։ Ճիշտ է՝ իշխանությունները կփորձեն հանձնաժողովի աշխատանքների մեջ խցկել ինչոր արտախորհրդարանական ուժերի, սակայն դա լեգիտիմացման այն էֆեկտը չի կարող ունենալ, ինչ ընդդիմության մասնակցությունը կարող էր տալ։
Թերևս դրանով է պայմանավորված, որ իշխանական քվոտայով պատգամավոր «նշանակվածները» փորձում են մեղադրել ընդդիմությանը։ Իրականում «քայլողները» սրանով բացահայտում են իրենց այն մտահոգությունները, որ չի հաջողվելու հանձնաժողովի աշխատանքներն ու «արդյունքները» լիգիտիմացնելու մտադրությունը։ Այսինքն, փաստացի, ընդդիմությունը չմտավ փաշինյանական իբր խորամանկ, իսկ իրականում պարզունակ խաղի մեջ: Բնական է, որ եթե միայն իշխանության ներկայացուցիչներն են մասնակցում հանձնաժողովի աշխատանքներին, ապա այն երբեք չի կարող ընկալվել որպես անաչառ, թեպետ, այսպես թե այնպես, այս իշխանության օրոք նման հանձնաժողվի գործունեությունն ու եզրակացությունը ոչ մի պարագայում չէին կարող համարվել անաչառ, քանի որ ոչ թե անկախ մարմին է քննելու պատերազմի հանգամանքները, այլև հենց պատերազմի, պարտության պատասխանատուներն ու մեղավորներն են «ուսումնասիրելու» իրենց «եփածը»։
Բացի դրանից, ժամանակին այս իշխանությունները Ապրիլ յան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու մասով էլ էին հանձնաժողով ստեղծել ու լուրջ դեմքերով հայտարարում էին, թե այդ գործընթացը դասեր քաղելու համար են կազմակերպել։ Իրականում ոչ մի դաս էլ չքաղվեց, իսկ երկիրը կանգնեց կապիտուլյացիայի հանգրվանի առաջ։ Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի աշխատանքներն էլ ընդամենը քաղաքական ճնշումների գործիք դարձնելու նպատակ ունեին: Վերջապես՝ զավեշտի է նմանվում, որ ռազմական ոլորտից կիլոմետրերով հեռու քայլականները պետք է քննեին Արցախյան ազատամարտում հաղթանակներ կերտած մարդկանց: Հասկանալի է, չէ՞, որ դրանից շոուներ պիտի սարքեին ու ցույց տային, թե գործ են անում։
Իսկ ինչո՞ւ մինչև հիմա Ապրիլ յան պատերազմին վերաբերող զեկույցը չեն հրապարակում: Որովհետև ձեռք չի տալիս: Նույնն էլ այս դեպքում է. Փաշինյանին պետք է միայն մեկ բան՝ ամեն գնով արդարացնել իրեն: Ու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող նոր հանձնաժողովի միջոցով իշխանությունները ուզում են հնարավորություն ստանալ պարտության մեղքը զինվորականների գլխին կոտրել, ինչի միտումներն արդեն տեսանելի են։ Դե, նաև այլոց, ասենք՝ նախկինների: Ու կապ չունի՝ այդ ամենի մեջ տրամաբանության, փաստարկվածության նշույլ կլինի՞, թե՞ ոչ: Կարևորը՝ լինի այնպես, ինչպես գլխավոր գերագույն մեղավորն է ցանկանում: Եվ ինչքան շատ «այլոք» թիրախավորվեն, այնքան հեշտ կլինի թոզ փչել հանրության որոշակի հատվածի աչքերին։
Վերադառնալով «քայլողների» հիստերիային ու ընդդիմության վրա հարձակումներին՝ արձանագրենք, որ սա ցույց է տալիս մի պարզ ճշմարտություն. պլանավորվածը չի ստացվել, և իրենք էլ հասկանում են, որ միջազգային հանրությունն էլ լուրջ չի ընդունելու մի հանձնաժողովի գործունեությունը, որտեղ «իրենք իրենցով» նստած՝ իրենց ձախողումներն են ուսումնասիրում...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը