15 12 2021

ՔՊ-ն բանակցությունների մեջ է. «Ժողովուրդ»

ՔՊ-ն բանակցությունների մեջ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դեկտեմբերի 5-ին՝ Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո, հետընտրական կրքեր են հասունացել ու չեն հանդարտվում: Թեեւ այս շաբաթվա ավարտին կամ եկող շաբաթվա սկզբին ավագանու մանդատ ստացած անդամները պետք է համայնքապետ ընտրեն, բայց դեռեւս հստակ չէ, թե որ համայնքում որ ուժն իշխանություն կվերցնի:

Փաշինյանի՝ իշխանության համար Ընտրական օրենսգրքի փոխոխության հանձնառությունը, փաստորեն, իրական փորձություն դարձավ: «Քաղաքացիական պայմանագրի»՝ առավելագույն ձայներ ստացած թեկնածուները որոշ համայնքներում համայնքապետ ընտրվելու ճանապարհին դժվարությունների են հանդիպում, քանի որ, ըստ նոր ԸՕ փոփոխության, համայնքապետը միանձնյա կարող է ընտրվել, եթե հաղթահարում է «50+»-ի շեմը: Թալինում, Վարդենիսում, Նոյեմբերյանում, օրինակ, որտեղ ՔՊ-ն առավելագույն (40-ից ավելի տոկոս) թվով ձայներ է հավաքել, անակնկալ իրավիճակում է հայտնվել, քանի որ մանդատ ստացած մյուս ուժերը հայտարարել են միավորվելու ու իշխանություն վերցնելու մասին:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու խորհրդարանում համանուն խմբակցության անդամները չեն էլ թաքցնում՝ անելու են հնարավորը, որ ընդիմադիր դաշինքները տեղի տան, ու ՔՊ-ի թեկնածուները ստանձնեն համայնքների ղեկավարումը: Ցանկալի արդյունքին իշխանականները հասել են Թալինում. այստեղ կուսակցություններից մեկը հայտարարել է մանդատներից հրաժարվելու մասին, քանի որ ճնշումների ենթարկվեցին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նոյեմբերյանում նույնպես ՔՊ-ն բանակցություններ է վարում՝ հասկանալու համար՝ ավագանու որ անդամներին կարող է համոզել իրենց միանալ: Վարդենիսում էլ «Միասնական Վարդենիս» դաշինքի թեկնածու Արամ Հարությունյանին կալանավորելուց հետո ուժային կառույցները լծվել են ավագանու մյուս անդամների ու ընդհուպ նրանց կանանց հարցաքննության կանչելու գործին:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ