16 11 2021

Գումարի փոխանցում Ադրբեջանից՝ Հայաստանի տարածքով թռիչքների համար. «Ժողովուրդ»

Գումարի փոխանցում Ադրբեջանից՝ Հայաստանի տարածքով թռիչքների համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, Հայաստանի օդային ուղիներով թռիչք իրականացնելու համար Ադրբեջանը Հայաստանին գումար կփոխանցի միջնորդավորված եղանակով: «Ժողովուրդ» օրաթերթը Քաղավիացայի կոմիտե հարցում էր ուղարկել՝ պարզելու համար, թե հոկտեմբերի 6-ին ՀՀ օդային տարածքով իրականացրած թռիչքի համար ադրբեջանական AZAL ավիաընկերությունն ինչքան գումար է փոխանցել հայկական կողմին: Մեր հարցմանն ի պատասխան՝ կոմիտեից չինական հիերոգլիֆ հիշեցնող պատասխան են ուղարկել:

«Ի պատասախան ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ, համաձայն ՀՀ կողմից վավերցված «Օդային ուղեգծերի սպասարկման վճարների մասին» բազմակողմանի պայմանագրի, 2009 թվականի մարտի 1-ից սկսած՝ ՀՀ օդային տարածքով իրականացվող բոլոր տարանցիկ չվերթների, այդ թվում՝ նաեւ ադրբեջանական AZAl ավիաընկերության տարանցիկ չվերթների աերոնավիգացիոն սպասարկման դիմաց գանձումների հավաքագրումը կատարվում է «Եվրոկոնտրոլ» միջազգային կազմակերպության մայրուղային գանձումների կենտրոնական գրասենյակի կողմից, եւ որ վերջինիս «Օդային երթեւեկության սակագների համակարգի կիրառման պայմաններ եւ վճարման պայմաններ» փաստաթղթի թիվ 2 հավելվածի համաձայն՝ հաշվետու ամսում կատարված չվերթների աերոնավիգացիոն սպասարկման վճարների հավաքագրման գործընթացի տեւողությունը կազմում է մոտ 2,5-3 ամիս»,- ասված էր կոմիտեի ուղարկած պաշտոնական գրության մեջ։

Իրար կողքի շարված մասնագիտական արտահայտություններն ու բառերը վերծանել չէր լինի, եթե չլիներ բանալի բառը՝ «Եվրոկոնտրոլ»: Պարզվում է՝ ըստ օդային ուղիներից օգտվելու մասին միջազգային բազմակողմ համաձայնագրի, ինչի տակ նաեւ Հայաստանն է ստորագրել, միմյանց օդային ուղիներից օգտվելու համար պետությունները ոչ թե ուղիղ իրար են գումար փոխանցում, այլ միջնորդավորված: Բոլոր երկրների ամենատարբեր ավիաընկերությունները թռիչք իրականացնելու հայտերը, այնուհետ նաեւ գումարները ուղղում են Բրյուսելում գտնվող «Եվրոկոնտրոլ» ընկերություն, ինչն էլ որոշում է օդային ուղուց օգտվելու գումարի չափը: Թռիչքն իրականացնելուց հետո ավիաընկերությունը 2-3 ամսվա ընթացքում բելգիական վերոնշյալ ընկերությանն է փոխանցում գումարը:

«Եվրոկոնտրոլն» էլ իր հերթին այն ուղարկում է այն երկրին, որի օդային ուղուց օգտվել է ավիաընկերությունը: Այսինքն՝ ադրբեջանական ավիաընկերությունը գումարը Հայաստանին է փոխանցելու միջնորդավորված՝ «Եվրոկոնտրոլ»-ի միջոցով: Ոլորտի մասնագետները մեզ հետ զրույցում նշեցին, որ այդ գումարը մեծ թիվ չէ կազմում. 1 կմ օդային ուղու համար մոտավորապես 1 դոլար են վճարում:

Այսինքն՝ ադրբեջանական ավիաընկերությունը ՀՀ օդային տարածքից օգտվելու համար մոտավոր 200 դոլարի չափով գումար է փոխանցելու:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ