«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես օրեր առաջ էինք հայտնել, կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում կորոնավիրուսի դեմ պատվաստումների թիվն ավելացնելու համար։
Հայաստանում համավարակից մահերի աճը եւ պատվաստումների ոչ բավարար քանակը ստիպում են իշխանություններին անցնել ավելի կտրուկ քայլերի։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կառավարությունում ակտիվ քննարկումներ են ընթանում, քննարկում են կորոնավիրուսով վարակված եւ չպատվաստված քաղաքացինների բուժման ծախսերը այլեւս չհոգալու մասին որոշումը։ Համաձայն այդ որոշման՝ այսուհետեւ պետությունը կհոգա միայն պատվաստված քաղաքացիների բուժման ծախսերը, եթե վերջիններս հանկարծ վարակվեն ու հայտնվեն հիվանդանոցում, իսկ դեռեւս չպատվաստված քաղաքացիները, ովքեր կորոնավիուսով վարակվելուց հետո կհայտնվեն հիվանդանոցում, ստիպված կլինեն իրենց գրպանից վճարել բուժման ծախսերը։
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ կորոնավիրուսի դեմ հիվանդանոցային բուժման ծախսերը տատանվում են 700 հազարից մինչեւ 1,5 մլն դրամ։ Ի դեպ, կառավարությունը միտված է այս որոշումը կիրառել դեկտեմբեր ամսից։ Փաստորեն, մոտ մեկ ամսից կառավարությունը պատերազմից հետո համավարակի պայմաններում առանց այն էլ ծանր տնտեսական վիճակում հայտնված չպատվաստված քաղաքացիներին միայնակ է թողնում համավարակի դեմ։
Ստացվում է՝ եթե պատվաստված չեք, ապա կորոնավիրուսով վարակվելու դեպքում պետության կողմից չի լինի ոչ մի աջակցություն, ստիպված կլինեք միայնակ պայքարել համավարակի դեմ ու հոգալ բոլոր ծասերը ձեր գրպանից»։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը