08 07 2021

Լուսանցքից դուրս մնացածները. «Ժողովուրդ»

Լուսանցքից դուրս մնացածները.  «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում  է. Նորընտիր ԱԺ իշխանական խմբակցությունում կան մարդիկ, որոնք հայտնվել են լուսանցքից դուրս ու տեղյակ չեն, թե իրենց ինչ ճակատագիր է սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանական խմբակցությունում այս օրերին թեժ քննարկվում է դեռեւս ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ապագայի հարցը:

Բանն այն է, որ ԱԺ նախագահի աթոռը հանձնվելու է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին: Միրզոյանին, կարծես թե, Փաշինյանն այդպես էլ իր հավատարիմը չընկալեց: Նրան ո՛չ օրենսդիրում են տեսնում, ո՛չ գործադիրում: Միրզոյանը կա՛մ պետք է համակերպվի պատգամավորական մանդատ ունեցողի իր կարգավիճակի հետ, կա՛մ երկրից դուրս որեւէ պաշտոն զբաղեցնի: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Միրզոյանը եւս տեղյակ չէ, թե ինչ ճակատագիր է սպասվում իրեն. լուռ սպասում է:

Բանն այն է, որ Միրզոյանը դավաճանի խարան ունի իր վրա. ԱԱԾ գործակալ լինելու մասին հայտնի փաստաթուղթը, որ հրապարակեց Միքայել Մինասյանը, Միրզոյանի քաղաքական կարիերայի վրա լուրջ ազդեցություն թողեց: Նույն անորոշ վիճակում է նաեւ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, որին խմբակցությունում դեմ են կրկին տեսնել փոխնախագահի կարգավիճակում: Բացի այդ, Լ. Նազարյանի ամուսինը` Նարեկ Բաբայանը, որը անակնկալ ազատվել էր Անշարժ գույքի գրասենյակի ղեկավարի պաշտոնից, ՔՊ նախընտրական ցուցակի 71-րդ համարն է ու պատգամավոր է դարձել:

Այսինքն՝ Նազարյանի ընտանիքից երկու հոգով պատգամավոր են դարձել, ինչը թիմում չի ընդունվում: Նրանցից մեկին կստիպեն հրաժարվել պատգամավորական մանդատից: Անհասկանալի ճակատագիր է սպասվում նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանին: Նրան էլ չեն ցանկանում խմբակցության քարտուղարի պաշտոնը տալ. Սիմիդյանը ՔՊ նախընտրական ցուցակի 74-րդ համարն է, եւ չի բացառվում՝ նրան էլ ստիպեն վայր դնել մանդատը:

Համենայնդեպս, Նիկոլ Փաշինյանը նրան որեւէ պաշտոն չի խոստանում, եւ օդում կախված է մնացել խմբակցության քարտուղարի ճակատագիրը:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ