02 07 2021

Մարությանն ասել է, որ իշխանությանը տեղեկացնեն՝ չի պատրաստվում որևէ տեղ հեռանալ․ «Ժողովուրդ»

Մարությանն ասել է, որ իշխանությանը տեղեկացնեն՝ չի պատրաստվում որևէ տեղ հեռանալ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մոտ հայրենի իշխանությունները բանագնացներ են ուղարկել ու տեղեկացրել, որ պետք է հրաժարական ներկայացնի ու հեռանա, սակայն Մարությանն ասել է, որ իշխանությանը տեղեկացնեն՝ չի պատրաստվում որեւէ տեղ հեռանալ:

Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ Հայկ Մարությանն այս ընթացքում առավել զգուշավոր է դարձել, նույնիսկ իր պարտականությունները չի կատարում, որեւէ փաստաթուղթ չի ստորագրում, որեւէ իրավական գործընթացի մեջ չի մտնում, որ խոցելի չդառնա: Հնարավոր է՝ որեւէ փաստաթուղթ ստորագրելուց հետո օգտագործվի իր դեմ, ինչի համար էլ Մարությանը մատնվել է անգործության: Բանն այն է, որ Մարությանն իր նեղ թիմում ասել է, որ ամեն գնով ինքնապաշտպանվելու է, մի խումբ իրավաբանների հետ է հանդիպումներ ունենում, փորձում է հասկանալ՝ եթե հրաժարական չներկակացնի, ապա ինչ իրավական հետեւանքների այն կարող է բերել:

Այսինքն՝ Մարությանը որոշել է ամեն գնով չզիջել ու թեժ պայքարի է դուրս եկել իշխանությունների դեմ: Մեր տեղեկություններով՝ իշխանություններն էլ իրենց հերթին են որոշել չզիջել ու վստահ են, որ հասնելու են իրենց նպատակին:

Իշխանությունն այս պահին որոշել է՝ եթե հասնեն Մարությանի հրաժարականին, ապա իրենք Երեւանի քաղաքապետի նոր ընտրություններ չեն իրականացնի, այլ այժմյան ավագանու անդամներից որեւէ մեկին կընտրեն ու կկարգեն Երեւանի քաղաքապետ: Նշենք, որ իշխանությունը նպատակ ուներ ավագանու անդամ Արմեն Կոտոլյանին կարգել քաղաքապետ, բայց թե դա որքանով իրական կդառնա առաջիկայում՝ դժվար է ասել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ