«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ խորհրդարանական երկու ուժեր՝ ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն, չհաղթահարեցին անհրաժեշտ շեմը խորհրդարան մուտք գործելու համար:
Եթե 2018 թվականին ԼՀԿ-ն ստացել էր 80 047 ձայն, ապա այս անգամ ստացավ ընդամենը 15 571 ձայն, իսկ, ահա, խորհրդարանական մյուս ուժը՝ ԲՀԿ-ն, 103 801 ձայնի փոխարեն այս անգամ ստացել էր 50 419 ձայն:
Այսպիսով, բոլոր ուժերի քվեները պակասել են: Նկատենք՝ սա առաջին դեպքն է իր ձեւավորման օրվանից, երբ ԲՀԿ-ն չի անցնում խորհրդարան: Իհարկե, այս հանգամանքի պատճառները կարող են տարբեր լինել՝ մրցակիցներ, քարոզարշավ եւ այլն, սակայն փաստը մնում է փաստ:
Հետաքրքիր է, որ ԼՀԿ-ն արդեն հայտարարություն է տարածել եւ, ըստ էության, ընդունել է ընտրությունների արդյունքները, իսկ ԲՀԿ-ն՝ դեռ ոչ: Մեր տեղեկություններով՝ երեկ երկու ուժերի ներկայացուցիչներն էլ քննարկումներ են ունեցել, թե ինչպես պետք է իրենց դրսեւորեն արդեն որպես արտախորհրդարանական ուժ, եւ նրանք քաղաքական դադար են վերցնում:
Եթե ԲՀԿ-ն չորրորդն էր, ապա ԼՀԿ-ի համար այս արդյունքները շատ անակնկալ են եղել, հատկապես եթե հաշվի առնենք, որ նորաստեղծ «5165» շարժումը ավելի շատ ձայն է ստացել, քան իրենք: Ավելի շատ ձայն է ստացել նաեւ «Հանրապետություն» կուսակցությունը տարիների պատմության մեջ:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը