15 06 2021

Կառավարման համակարգը՝ պարալիզացված․ «Ժողովուրդ»

Կառավարման համակարգը՝ պարալիզացված․ «Ժողովուրդ»

«Չնայած, ՀՀ Սահամանադրության համաձայն, արտահերթ ընտրություններից հետո՝ մինչ նոր խորհրդարանի առաջին նիստի օրը, այս՝ յոթերորդ գումարման խորհրդարանը լիազորություններ ունի, սակայն այն, կարելի է ասել, այլևս չի գործում։ Բանն այն է, որ այս ընթացքում խորհրդարանական երեք ուժերն էլ զբաղված են նախընտրական քարոզարշավով և, այսպես ասած, խորհրդարանի ժամանակը չունեն։

Եվ նաև դա է պատճառը, որ երեկ խորհրդարանում նախատեսված ԱԺ խորհրդի նիստը քվորման բացակայության պատճառով չի կայացել։ Խորհրդի նիստի ժամանակ պատգամավորները պետք է հաստատեին այսօր մեկնարկելիք հերթական նստաշրջանի օրակարգը, բայց օրակարգը չի հաստատվել, հետևաբար նստաշրջանն էլ չի կայանա, և կրկին քվորում չի լինի։

Նկատենք՝ ԱԺ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 31 հարց, ընդ որում՝ պատգամավորները պետք է քննարկեին ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, ապա Հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։ Ժամկետացանկ է հաստատված եղել, և հանձնաժողովներում քննարկվելուց հետո այն ընդգրկվեց նստաշրջանի օրակարգ, սակայն չի քննարկվի։

Բացի այդ, լիագումար նիստում պետք է քննարկվեր նաև անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի և Սոֆյա Հովսեփյանի օրենսդրական նախաձեռնությունը՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ ուժի կիրառման և ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի մասին։ Սակայն սա էլ միակ հարցը չէ. այս օրերին արձակուրդում են և լծված են նախընտրական քարոզչության գործին կառավարության անդամներ, մարզպետներ, համայնքների ղեկավարներ։ Սա արդեն իսկ ենթադրում է, որ պետությունը կանգ է առել, էլ չենք ասում, որ Հայաստանը չունի ամենակարևոր կառույցներից մեկի՝ Արտաքին գործերի նախարարության ղեկավար և փոխնախարարներ։

Այս իրավիճակում, երբ հակառակորդը մայիսի 12-ից Հայաստանի սահմաններում է, իշխող թիմը շարունակում է քարոզարշավ անել ու սպառնալիքներ հնչեցնել՝ ելքեր գտնելու փոխարեն»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ