19 05 2021

Ես պարտավոր էի վերցնել հայրիկիս շնորհված կոչումը․ Հայկ Տեր-Թադևոսյան. «Իրավունք»

Ես պարտավոր էի վերցնել հայրիկիս շնորհված կոչումը․ Հայկ Տեր-Թադևոսյան. «Իրավունք»

«Մայիսի 8-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով լեգենդար Արկադի Տեր-Թադևոսյանին հետմահու շնորհվել է Հայաստանի Ազգային հերոսի կոչում: Այն Կոմանդոսի որդուն՝ Հայկ Տեր-Թադևոսյանին հանձ­նել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ինչը միանշանակ չընդունվեց հասարակության կողմից: Վերոնշյալի և այլ ուշագրավ հարցերի շուրջ զրուցել ենք անձամբ լեգենդար, լուսահո­գի գեներալի որդու՝ Հայկ Տեր-Թադևոսյանի հետ:

-Պարոն Տեր-Թադևոսյան, Ձեր հայրիկին շնորհված Ազգային հերոսի կոչումը Ձեզ հանձնեք այն անձը, ում ղեկավարության օրոք լեգենդար Կոմանդոսի ազատագրած Շուշին օկու­պացվեց թշնամու կողմից: Սա միանշանակ չընդունվեց հան­րության կողմից, մեկնաբանեք խնդրեմ:

- Հայրիկս եղել է Հայաստանի Հանրապետության զին­վոր, ով իր գիտակցական ողջ կյանքում ծառայել է հայրենի­քին և Արցախին և մինչև վերջ կատարել է իր պարտքը հայրենիքի նկատմամբ: Ես այդ կոչումը ստացել եմ ՀՀ ղե­կավարից: Ես պարտավոր էի վերցնել հայրիկիս շնորհված կո­չումը: Ես չեմ ցանկանում անդ­րադառնալ կոնկրետ անձի, մեզ համար ցավալի են տարատեսակ շահարկվող խոսակցությունները:

 

- Որպես Կոմանդոսի որդի՝ ինչ­պես եք տեսնում ՀՀ-ի ապագան:

- Գիտեք, հայ ժողովրդին միշտ բարդ ճակատագիր է բաժին հա­սել: Վերջին պատերազմում մենք ունեցանք մեծ զոհեր, բայց ես հա­վատում եմ, որ սա հայ ազգի պատմության վերջին էջը չէ. հայ ազգը եղել է, կա ու կմնա: Ես հա­վատում եմ և լիահույս եմ, որ շատ շուտով հայ ազգը ևս մեկ անգամ համաշխարհային պատ­մության մեջ ոսկյա տառերով կգրի իր նոր հաղթանակների մասին, և մենք կապացուցենք աշխարհին, որ մենք իրապես արժանապատիվ ազգ ենք:

- Ո՞րն է եղել Ձեր հայրիկի ամենակարևոր պատգամը, որը պարբերաբար Ձեզ հիշեցրել է:

-«Կյանքս՝ հայրենիքիս, պա­տիվս՝ ոչ մեկին»: Սա է եղել հայ­րիկիս ամենամեծ պատգամը մեզ: Հայրիկս մեզ մեծացրել է զինվորականի ոգով, միշտ ասում էր, որ հայրենիքից վեր բարձրագույն արժեք չկա, որ հանուն հայ­րենիքի երբեք ոչինչ չխնայենք: Այլ խոսքով ասած՝  զինվորակա­նի ոգով դաստիարակված մարդ եմ: Առաջին նվերը, որը ստացել եմ 17 տարեկանում, դա «Մար­տական կանոնադրություն» գիրքն է, այդ գրքով եմ ես դաստիարակվել: Մեր ընտանիքի հա­մար հայրենիքն է բարձրագույն արժեք, այդպես եղել է և այդպես շարունակվելու է նաև հայրիկիս մահից հետո»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ