«Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը երեկ կրկին Ռուսաստան է մեկնել: Ըստ կառավարության ապրիլի 16-ի որոշման՝ նա և հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետը ապրիլի 19-23-ը գործուղվել են ՌԴ, ճանապարհածախսի, գիշերակացի, օրապահիկի և հուշանվերների ձեռքբերման ծախսերն էլ կատարվել են ՀՀ բյուջեով վարչապետի աշխատակազմին հատկացված միջոցներից:
Ապրիլի 19-21-ը նրանք լինելու են Ռոստովում՝ հայ երիտասարդների միության հրավերով, իսկ 21-23-ը ներառյալ՝ Մոսկվայում, որտեղ Սինանյանը կհանդիպի նույն՝ «Հայ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի հետ, որոնց հանդիպել էր դեռ մարտի 4-ին: Ինչպես հաղորդում են մոսկովյան աղբյուրները, հանդիպումը կկայանա ապրիլի 23-ին՝ «Ռենեսանս Մոնարխ» ռեստորանում:
Հայ իրավաբանների ասոցիացան, որի ղեկավարն Արա Աբրահամյանի ղեկավարած Ռուսաստանի հայերի միությունից հեռացած Շահեն Պետրոսյանն է, նիկոլականների հենարան ՀԿ-ն է համարվում: Այն միակ հասարակական կազմակերպությունն է, որի անդամներին ապրիլի 8-ին այցելել էր նաև Փաշինյանը: Մյուս մեր հայրենակիցներին, որոնք հարցեր ունեին վարչապետին ուղղելու, ոստիկանները ներս չէին թողել և անգամ բերման էին ենթարկել։
Հավանաբար, ՀՀ ներկայիս վերնախավը ընտրություններից առաջ հավատարիմ, քաղաքական առումով հուսալի կառույցներ է ուզում ունենալ ՌԴ-ում և տպավորություն ստեղծել, որ Փաշինյանն ու նրա թիմն այնքան էլ ատելի չեն այնտեղի հայության համար, ինչպես կարող է թվալ հեռվից: Սակայն փորձը վկայում է, որ Հայ իրավաբանների ասոցիացիան այնքան էլ հուսալի չէ Փաշինյանի համար: Իրավաբաններից հայտնվել էին մարդիկ, որոնք թաքուն ձայնագրել ու համացանցով տարածել էին Շահեն Պետրոսյանի խմբային «չաթում» հրապարակված հրահանգները՝ Փաշինյանին չքննադատելու և հարցերով ու ելույթներով նրա համար բարյացակամ մթնոլորտ ստեղծելու մասին, ապա նաև մի հատված՝ տեսագրություն բուն քննարկումից, որտեղ Փաշինյանն «անկեղծանում» է:
Սույն «զապիսում» Փաշինյանն ասում է, որ Արցախի ստատուս քվոն պահպանվել է այնքան ժամանակ, որքան դա ցանկացել է Ռուսաստանը: Սա նշանակում է խոստովանել, որ Արցախը հանձնել է Ռուսաստանի շահերից ելնելով և Ռուսաստանի ցանկությամբ: Այդ նույն ձայնագրության մեջ ՀՀ վարչապետն այլ սկանդալային հայտարարություն է անում՝ ասելով, որ պետք է ապաշրջափակել Թուրքիայի և Ադրբեջանի հետ կոմունիկացիաները և բացել սահմանները:
Գլխավոր հանձնակատարի այցն ինքնին արտառոց չէ: Նա կարող է ամեն շաբաթ-կիրակի Մոսկվա թռչել և հասարակական կամ անձնական հանդիպումներ ունենալ, տեսնել նրան, ում ցանկանում է: Սինանյանի ներկայությունը կամ բացակայությունը ո՛չ Հայաստանի, ո՛չ սփյուռքի համար ոչինչ չի փոխում: Բայց ինչո՞ւ դա անել պետական բյուջեի միջոցների հաշվին:
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին և Զարեհ Սինանյանի խոսնակ Ամալյա Կարապետյանին նույն հարցն ուղղեցինք. Սինանյանին ինչո՞ւ է անհրաժեշտ այդքան հաճախ գործուղվել Մոսկվա՝ նույն կազմակերպությունների հետ հանդիպման, և արդյոք դա պետական միջոցների վատնում չէ: Մանե Գևորգյանը չպատասխանեց, իսկ Ամալյա Կարապետյանը կարծում է, որ գործուղումները պետության միջոցների վատնում չեն, քանի որ «Ռուսաստանում է գտնվում հայերի ամենաբազմաշերտ, ամենասփռված համայնքը, որի հետ աշխատանքը շատ կարևոր է, և մյուս կողմից՝ նաև համայնքը հետաքրքրություն ունի աշխատելու գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ: Դա են փաստում հրավերները»: Նա ասաց, որ Զարեհ Սինանյանն առաջին անգամ է գնում Ռոստով: Հարցին, թե ինչու է նորից իրավաբանների հետ հանդիպում, պատասխանեց, որ ոչ միայն իրավաբանների ասոցիացիայի հետ է հանդիպելու, այլև բժիշկների ասոցիացիայի և անհատների: «Եղել է հրավեր, որ հայ իրավաբանների ասոցիացիան մեծ համաժողով է անցկացնում և ուրախ կլինի տեսնել գլխավոր հանձնակատարին՝ որպես պետության ներկայացուցչի, այդ համաժողովին»: Ըստ խոսնակի՝ հանձնակատարի գլխավոր նպատակը սփյուռքի մասնագիտական ներուժի համախմբումն է Հայաստանի կարիքների համար:
Թե որ հյուրանոցում է մնալու Մոսկվայում Զարեհ Սինանյանը, խոսնակը չգիտեր, խորհուրդ տվեց դիմել կառավարություն: Հիշեցնենք, որ մարտյան այցի օրերին Զարեհ Սինանյանը Մոսկվայում գիշերել էր Նիկոլսկի փողոցում գտնվող թանկարժեք հյուրանոցում, որտեղ գիշերավարձը 25 հազար ռուբլի է»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը