«Ինչպես հայտնի է՝ Հայաստանի կառավարությունը հոյակապ է աշխատում: Ամեն ինչ լավ է: Իսկ եթե նույնիսկ ինչ-որ բան վատ է, ապա դա բացատրվում է նրանով, որ «Քոչարյանի և Սերժի վախտ» երկիրը թալանում էին: Կարծում եմ, այսօրվա և մոտակա 20 տարում «գահին նստողները» պետք է շնորհակալ լինեն Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներին՝ իրենց ապաշնորհության այս ունիվերսալ «ատմազկայի» համար: Մասնավորապես, նախորդ իշխանություններն այս կառավարության «գրպանն են քցել» կորոնավիրուսը, և այդ պատճառով է, որ դրա պայքարն այնքան էլ հաջող չի անցնում:
Իսկ պայքարի ամենաարդյունավետ ձևը հիմա բնակչությանը պատվաստելն է, ոչ թե դիմակ կրելու քարոզը: Այս առումով կառավարությունը, մեղմ ասած, պարծենալու հիմքեր չունի: Մոտ երեք ամիս առաջ Ռուսաստանից մենք նվեր էինք ստացել մի քանի հազար չափաբաժին Sputnik V դեղամիջոցից, նույն պատվաստանյութը, ըստ վարչապետի, վերջերս ձեռք ենք բերել «սիմվոլիկ չափերով»՝ 15 հազար հատ: Գումարած՝ Covax Facility նախաձեռնության շրջանակում (այսինքն՝ զգալի զեղչերով) գնել ենք 24 հազար չափաբաժին AstraZeneca պատվաստանյութից:
Վերջինս, որքան հասկանում եմ, առայժմ վերջնականապես չի բաշխվել պոլիկլինիկաների մեջ, իսկ Sputnik -ով հատուկենտ մարդկանց, առաջին հերթին՝ բուժաշխատողներին, բարեբախտաբար, պատվաստել են: Բոլոր դեպքերում 3 միլիոնանոց Հայաստանում նման քանակներով (2 տոկոսից պակաս) հնարավոր չէ իրավիճակ փոխել՝ նույն Փաշինյանի խոսքերով, մեզ անհրաժեշտ է 1 միլիոն չափաբաժին: Համեմատության համար նշեմ, որ 68,5 միլիոն բնակչություն ունեցող Բրիտանիայում արդեն պատվաստվել է ավելի քան 18 միլիոն մարդ, իսկ Իսրայելում իրավիճակն ավելի լավն է. 8.7 միլիոնանոց բնակչությունից պատվաստվել է 4.6 միլիոն մարդ, այսինքն` կեսից ավելին: Երբ ես վերջերս հարցրի Առողջապահության նախարարության պատասխանատուին՝ արդյոք մենք մոտակա երկու ամսում՝ մինչև որ սկսվի ընտրարշավը, կհասցնե՞նք պատվաստել Հայաստանի բնակչության գոնե 10 տոկոսին, պաշտոնյան անկեղծորեն պատասխանեց, որ դա անհնարին է:
Պարզ է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից թույլատրված քովիդի դեմ պատվաստանյութերն առայժմ արտադրվում են ոչ բավարար քանակությամբ, և 8 միլիարդին մոտեցող մարդկությանն այս պահին չեն կարող բավարարել: Մյուս կողմից, արտադրողների մեջ կա մրցակցություն, և, մասնավորապես ռուսներն ու բրիտանացիները փոխադարձաբար փորձում են վարկաբեկել «հակառակորդ» երկրներում արտադրվող դեղամիջոցները՝ համապատասխանաբար՝ AstraZeneca և Sputnik V-ն: Ռուսական կողմն էլ, ըստ որոշ հրապարակումների, խանդում է, որ մենք գնել եք «մրցակից ֆիրմայի» դեղամիջոցը: Սակայն այդ նրբությունները մեզ չպիտի հետաքրքրեն: Հայաստանի կառավարությունը պարտավոր է ճարել անհրաժեշտ գումարները և ձեռք բերել պատվաստանյութ անհրաժեշտ քանակությամբ: Դրանից հետո իրավունք կունենա նոր Հայաստանի մասին 100 փաստերի շարքում հիշատակել կորոնավիրուսի դեմ հաջող պայքարը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը