««ԱԺ կանոնակարգ» օրենքի 128-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի՝ մինչև ապրիլի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում՝ Հայաստանի Հանրապետության դատախազության նախորդ տարվա գործունեության մասին: Եվ այս տարի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այն ներկայացրել է մարտի 30-ին՝ պահպանելով ժամկետները: Եվ չնայած «ԱԺ կանոնակարգ» օրենքում հաղորդում ներկայացնելու ժամկետները սահմանված են, սակայն այն ներկայացնելունը սահմանված չէ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հաղորդումը խորհրդարանում քննարկելու ժամկետները դեռ հայտնի չեն, և չի բացառվում, որ առաջիկա նստաշրջանում այն դեռ չընդգրկվի օրակարգում, սակայն, ամենայն հավանականությամբ, մինչև արտահերթ ընտրությունների օրն այն կհասցնեն քննարկել: Օրինակ՝ 2019 թվականի տարեկան հաղորդագրությունը նախորդ տարի քննարկվել էր հունիսի 1-ին: Դատախազության 2020 թվականի հաշվետվությունը տարբերվում է հատկապես արցախյան պատերազմի մասին հիշատակումներով, թե ինչ է կատարվել զինվորական դատախազության ոլորտում:
2020թ. ընթացքում ՀՀ ԶՈւ-ի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 5601 դեպք՝ նախորդ տարվա 3495-ի դիմաց. աճ է արձանագրվել 2106 դեպքով կամ 60.2%-ով: «Ժողովուրդ» օրաթերթը հաղորդումից տեղեկացավ, որ հանցագործությունների դեպքերի կտրուկ աճը պայմանավորված է Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմով։ Առանձնապես ծանր հանցագործություններից 538-ը կամ 84,1%-ը պայմանավորված են եղել ռազմական դրությամբ։ Այսպիսով, 640 առանձնապես ծանր հանցագործություններից 9-ը եղել է հակառակորդի կողմից կատարված սպանություն, 2-ը` համածառայակցի կողմից կատարված սպանություն:
Հետաքրքիր է, որ ռազմական դրության ժամանակ եղել է զինծառայողի կողմից քաղաքացիական անձի սպանության և պահեստազորայինի կողմից պահեստազորայինի սպանության, պահեստազորայինի կողմից սպայի սպանության մեկական դեպքեր: Բացի այս, առկա է համածառայակցի կողմից կատարված սպանության փորձի 2 դեպք, պայմանագրային զինծառայողի կողմից քաղաքացիական անձի սպանության 1 փորձ, ռազմական դրության ժամանակ պետի նկատմամբ բռնություն գործադրելու 5 դեպք:
Այլ ուշագրավ դեպքեր ևս կան, մասնավորապես՝ ռազմական դրության ժամանակ պետի կողմից իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության, իշխանության անգործության 18 դեպք, 374 դեպք՝ ռազմական դրության ժամանակ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, 3-ը՝ ռազմական դրության ժամանակ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու, 2-ը՝ ռազմական դրության ժամանակ հրամանը չկատարելու, 103-ը՝ ռազմական դրության ժամանակ դասալքության, 2-ը՝ ռազմական դրության ժամանակ անդամախեղման, 1-ը՝ մարտ վարելու միջոցները հակառակորդին թողնելու, 10-ը՝ ագրեսիվ պատերազմի: Գաղտնիք չէ, որ պատերազմից հետո քրեական գործեր են քննվում, և պետք է հուսալ, որ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը