«Ձվի շուկան վերահսկողությունից դուրս է եկել. շուկայում մի քանի խաղացողներ գերշահույթ ստանալու նպատակով հակամրցակցային քայլերի են դիմել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրեր առաջ մի քանի քաղաքացիներ սուպերմարկետներից արկղերով ձու են գնել և այն բարձր գնով վերավաճառել են փոքր խանութներին:
Սա է պատճառը, որ խանութներում ոչ միայն ձվի գինն է գերազանցել 100, նույնիսկ 110 դրամը, այլև արհեստական դեֆիցիտ է առաջացել: Բացի այս, օրեր առաջ որոշ անձինք, սուպերմարկետներից արկղերով ձու գնելով, պահեստավորել են իրենց ավտոտնակներում, որպեսզի Զատիկին այն թանկ գնով վաճառեն: Այս խնդիրը լուծելու նպատակով խանութներում տնտեսվարողներն այս օրերին հրաժարվում են 15-ից ավել ձու վաճառել մեկ անձին:
Ի դեպ, ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր, որ արհեստական դեֆիցիտ առաջացնում են միջնորդ կազմակերպությունները, առաքիչները. «Էքսպեդիտորները, որոնց դուրս ենք թողել մինչև Զատիկի տոնը, նրանք վերցնում են ձուն և տալիս փոքր խանութներին»: Բայց Ստեփանյանի այս հայտարարությունը խիստ զայրացրել է առաքիչներին: Նրանք պնդում են, որ կարող են փաստաթղթեր ներկայացնել, թե որ կարգի ձուն որքան դրամով են մատակարարում սուպերմարկետներին:
Մինչ առաքիչներն ու արտադրողները պայքարում են իրար դեմ, այս ընթացքում տուժում է հասարակ քաղաքացին, էլ չենք խոսում 44-օրյա պատերազմի զոհերի մասին, որոնց առաջին Զատիկն ապրիլի 4-ին է: Որոշներն այս ֆոնին փորձում են գումար աշխատել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը